![]()
Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Գագիկ Մելքոնյանի խոսքով՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի բառապաշարը օգոստոսի 8-ից հետո կտրուկ փոխվել է, և սրանում մեծ դեր ունի ԱՄՆ-ն:
«Իրենք խնդիր են դրել, որ մեր տարածաշրջանում լինի խաղաղություն: Սա ԱՄՆ-ն է, և Ադրբեջանը չի կարող ուրիշ խաղեր տալ: Խաղաղությունը հստակ պետք է լինի: Եթե մեկը խանգարի TRIPP-ի կառուցմանը, արդեն ուրիշ խնդիրներ են առաջանալու: Մենք լավ գիտենք, թե ԱՄՆ-ն ինչեր կարող է անել: Ալիևը, էս ամեն ինչը հասկանալով, մեզ առևտուր է առաջարկում: Ադրբեջանն ինքն է բացել իր ճանապարհները առանց նախապայմանների, իսկ ընդդիմադիրներն ասում էին, թե խաբելու են, եսիմ ինչ են անելու»,- նկատում է նա:
Պատգամավորի նկատառմամբ՝ Ռուսաստանը չի ցանկանում Հայաստանում ներդրումներ կատարել. «ՌԴ-ն մեր երկրում ներդրումներ չի անի, սովոր է մեր վերջին պատառ հացն էլ տանի: Մեր վարչապետը շատ ճիշտ քաղաքականություն է անում, ՌԴ-ին ասել է՝ եկեք մասնակցեք այս պրոյեկտին: Մենք այլևս էն Հայաստանը չենք, որ գիտեին՝ իրենց ջեբում դրած ենք»:
Իշխող ուժի անդամի խոսքով՝ Հայաստանը հույսը կապել էր Ռուսաստանի հետ, սակայն տեսանք՝ ինչ եղավ:
«Ռուսները Ղարաբաղը 2-3 միլիարդի տեխնիկայով հանձնեցին Ադրբեջանին, մի կրակոց չեղավ, Պուտինն անձամբ երաշխավորն էր Դադիվանքի, տեսանք՝ ինչ եղավ, սինու մեջ տվեցին Ադրբեջանին: Էսքան բան տենալուց մեր ժողովուրդը հո կույր չի՞: Լավրովը հլը մտածում է՝ իրենց հրամաններով պիտի ստեղ պաշտոնների նշանակվեն, թող իրենց երկրի մասին մտածի: Սոլովյովը թող հլը ասի՝ իրա տղեն որտեղ ա պահվում՝ անգլիաներում, թող բերի ուղարկի պատերազմ, նոր խոսի: Ռուսաստանը նույնիսկ մեր եկեղեցին խառնեց իրար, բայց էլի բան դուրս չեկավ»,- ասում է Մելքոնյանը:
Անդրադառնալով իշխանությունը յուրացնելու կոչերի համար կալանավորված, ապա տնային կալանքի մեջ գտնվող ռուսաստանաբնակ միլիարդատեր Սամվել Կարապետյանին և նրա ստեղծած «Ուժեղ Հայաստան» կուսակցությանը՝ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորն ասում է. «Հարկերից են խոսում, էդ ո՞ւմ կաշին պետք ա փռթեն, որ էժանացնեն ու հարկ չվեկալեն: Դուգինի ու Սոլովյովի պատվերն են կատարում, Կիրիենկոն իրենց պապան ա, ոնց ասում ա, անում են»:
Մեկնաբանելով պարգևավճարների վերաբերյալ բարձրացված աղմուկը՝ նա նկատում է. «Ասում են՝ պարգևավճար են ստացել, բա նախկինների վախտ ինչքա՞ն էին գողանում, ամեն ինչ վաճառում էին: Ոչինչ չարած ընդդիմադիր պատգամավորները ուրախ-ուրախ վերցրել են պարգևավճարը, հիմա մեզ քննադատում են»:
Օրենսդիր մարմնի ներկայացուցիչը շեշտում է՝ ռուսամետ նախկին իշխանություններն այլևս իշխանության չեն գալու Հայաստանում, քանի որ ժողովուրդը էլ 10 հազար դրամով ընտրության չի գնում:
Առավել մանրամասն՝ «Հայկական ժամանակի» հետ հարցազրույցում:
![]()