Մեր սեփական «Միշիկը» չունենք, չենք էլ ուզում ունենալ, որ մտնի, պաշտոնյաներին ծրարով փող տա․ վարչապետ

Կառավարություն-ԱԺ հարցուպատասխանի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատասխանել է 2025-ի տարեվերջին 3 մլրդ դրամ պարգևավճար բաժանելու վերաբերյալ հարցին։

«Այդ 3 միլիարդը վստահաբար գոյացել է այդ թվում նախկինում ձեր և ձեր շրջապատի մարդկանց հարկերից խուսափելու մեխանիզմը գործարկելուց: Դրա համար է, որ ձեզ դա մրմռացրել է:

Ես գիտեմ, որ Հայաստանում կա ավանդույթ, ենթադրում եմ, որ ձեր խմբակցությունում էլ կա այդ ավանդույթը, որ ծրարով փողեր եք ստանում ձեր ղեկավարի կողմից, ինչքան գիտեմ՝ քրեական գործեր կան, որ այդ թվում հանրապետությունը ղեկավարած անձի ընտանիքի անդամը ճամպրուկով փողով մտնում էր Կառավարություն և նախագահի աշխատակազմ, ու ՀՀ պաշտոնյան մի դուրսպրծուկից ծրարով գումար էր ստանում, մի հատ էլ երևի ձեռքը պիտի պաչեր:

Ես պատասխանատու ասում եմ՝ 2018-ից այս կողմ իմ՝ վարչապետ ընտրվելու օրից այս կողմ, ՀՀ Կառավարությունում այդպիսի բան չի եղել և չի էլ լինելու: Այո՛, այսօրվա Կառավարությունը և խորհրդարանական մեծամասնությունն արձանագրած տնտեսական և բյուջետային արդյունքներով պետականությունը ամրացնելու ռազմավարությունը պետք է շարունակի:

Սովորել եք, որ օլիգարխները դռներին քացով տալով մտնեն պաշտոնյաների մոտ։ Ոտերը կջարդենք, թող մեկը պատշաճ հարգանքով չմոտենա յուրաքանչյու պետական ինստիտուտի»,- ասաց Փաշինյանը։

Շարունակելով պարգևավճարների թեման, Փաշինյանը դիմելով ընդդիմադիր պատգամավորին՝ ասաց՝ այո թալանածը ձեզանից հավաքել ենք, թալանածից հավաքածի 0,0001 տոկոսը բաշխել ենք, ուժեղացրել ենք, ներդրել ենք մեր պետական ապարատի վրա։

«Որովհետև մենք մեր սեփական «Միշիկը» չունենք և չենք ուզում ունենալ, որ մտնի, պաշտոնյաներին ծրարով փող տա, և չենք էլ ունենալու: Եվ, այո՛, ճիշտ ենք արել, սրա արդյունքների շահառուն ՀՀ քաղաքացին է»,- ասաց վարչապետը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ