![]()
Եկեղեցին չպետք է խառնվի պետության գործերին։ Բարենորոգման օրակարգին միացած հոգևորականներից իմանում ենք, որ խորանները դարձվել են ապապետական գործունեության հարթակներ։ Այդ մասին ԱԺ-ում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանի՝ պետության՝ Եկեղեցու գործերին խառնվելու վերաբերյալ հարցին:
«Նախընտրական քարոզչություն են անում, որոշում են, թե առաջիկա ընտրություններում ինչ գործունեություն պետք է ծավալեն: Մենք չենք ենթադրել, որ Եկեղեցին պետք է ղեկավարվի КГБ-ի գործակալների կողմից, այնտեղ, որտեղ կա պետության անվտանգության շահը, պետությունը պետք է ռեակցիա տա:
Մենք չենք երազել զբաղվել Եկեղեցով. չենք երազել: Ի՞նչ է նշանակում կաթողիկոս կոչվածը զոհված եղբայր ունեցող քահանային կանչի, ասի՝ գնա մորդ վերցրու, գնացեք Կառավարության շենքի դեմը ցույց արեք: Սա ինչ պահվածք է. սա դուրսպրծուկի պահվածք է: Եկեղեցու գլուխը մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսն է: Եկեղեցին ժողովրդով է Եկեղեցի: Ձեր ասած մարդի՞կ են եկեղեցի, գնացեք կիրակնօրյա պատարագները նայեք: Երեք հոգով պատարագներ են տեղի ունենում Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցում համատարած տասնյակ տարիներով: Դա ոչ մեկին չի՞ անհանգստացնում: Հոգևորականները, առանձին բացառություններով վերցրած, ովքեր կարողացել են համայնք ձևավորել, հիմա նրանք հերթով կարգալույծ են արվում, որովհետև ո՞նց, ձեր շուրջ մարդ կա՞ հավաքված:
ՀՀ ժողովուրդը դուրս է մղված Եկեղեցուց, Եկեղեցու հիմնական շահառուն, ում համար այն ստեղծված է, դուրս է մղված: Ձեր նշած մարդիկ իրավունք չունեն Եկեղեցու անունից խոսել, որովհետև իրենք Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու բոլոր կանոններով վաղուց հոգևորական չեն: Ձեր նշած անձի որևէ որոշում չի ճանաչվելու ՀՀ կողմից՝ ոչ մի»,- նշեց վարչապետը:
Ինչ վերաբերում է ՀԱԵ բարենորոգման օրակարգին միացած հոգևորականներին «տիրադավ» կոչելուն, Փաշինյանն ասաց. «Տիրադավը ձեր տեր և փրկիչ Կտրիճ Ներսիսյանն է. սկսենք դրանից:
2. Այն մարդիկ, ովքեր բարենորոգման օրակարգին միանում են, այդ մարդիկ ընդունում են իրենց մեղքը, այդ թվում՝ ես, այսօրվա վիճակի համար, և ապաշխարությունը, մեղքերի թողությունը, մեղքերի քավությունը քրիստոնեության հենասյուներից մեկն է, առանց դրա գոյություն չունի, չի կարող գոյություն ունենալ քրիստոնյա»:
![]()