Ուզում ենք ունենալ բառիս բուն իմաստով անարատ և որևէ կողմնակի ազդեցությունից զերծ պաշտոնյա. Փաշինյան

«2017 թվականի համեմատությամբ 2025 թվականի կատարված բյուջեի եկամտային մասը միայն ավելի քան 130 տոկոսով ավելի է»:

Այս մասին Ազգային ժողով-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով պաշտոնյաներին պարգևավճար տալուն առնչվող քննադատություններին և այն նախադրյալներին, որոնց հիման վրա հնարավոր է եղել պարգևավճար տալ:

«Երկրորդը, ուզում եմ հիշեցնել, որ 2025-ի բյուջեում մենք պետական ապարատի պահպանման ծախսերը կրճատել ենք 4 տոկոսով, որը ընդհանուր առմամբ կազմում է 6,5 մլրդ դրամ, այսինքն՝ 2025 թվականին մենք պետական ապարատի ծախսերի, այդ թվում՝ աշխատավարձերի և այլնի ֆոնդը կրճատել ենք 6,5 մլրդ դրամով:

Սա մենք արել ենք հետևյալ տրամաբանությամբ, որ համարել ենք՝ պիտի մեխանիզմներ ստեղծենք, որպեսզի պետական ապարատն ինքը փնտրի և գտնի պետական բյուջեում անարդյունավետ ծախսող տեղեր, միավորներ, հաստիքներ, որոնց անհրաժեշտությունը չկա, բայց որոնց վրա գումար ենք ծախսում, և 2025-ին մենք 6,5 մլրդ դրամով փաստացի կրճատել ենք այդ ծախսերը, որից հետո ներդրել ենք կատարողականի վրա հիմնված վարձատրության համակարգ, որը պիլոտային ծրագիր է: Եվ մենք նպատակադրված ենք որոշակի փորձարկումների արդյունքում բերել և օրենքի տեսք տալ դրան»,- ասաց նա:

Ըստ Փաշինյանի՝ առհասարակ այս որոշման նպատակը պետական ինստիտուտների ուժեղացումն է. «Նախ մենք սրանով իրականացնում ենք մեր՝ դեռևս 2018-ի տեսլականը, որի համաձայն՝ մենք ուզում ենք ունենալ բառիս բուն իմաստով անարատ և որևէ կողմնակի ազդեցությունից զերծ պաշտոնյա, այսինքն՝ զրո կոռուպցիա քաղաքականության իրագործում»:

Փաշինյանը ևս մեկ անգամ հիշեցրեց, որ պարգևավճարի գումարը պետք է ուղղվի կրթությանը, դատարանում հարուցված գործերով ծախսերին, որակյալ կադրերի արտահոսքը կանխելուն, և որ պաշտոնյան չշեղվի իր բուն աշխատանքից:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ