Գործ ունենք «վտանգավոր աղբյուրով» երթևեկության մեջ մտնող մարդկանց հետ. փոփոխությունների պետք է գնանք. նախարար

«Այս տարվա կտրվածքով պետք է ինստիտուցիոնալ փոփոխությունների գնանք, որպեսզի հաշվառման-քննական ծառայությունների մատուցման մոդելը փոփոխվի: Վերջնարդյունքում կունենանք շատ ավելի բարվոք պայմաններ, ընդ որում՝ թե՛ ենթակառուցվածքին է վերաբերում, թե՛ վարորդական իրավունք ստանալու քննությանը և դրա բովանդակությանը»:

Այդ մասին Ազգային ժողով-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ասաց ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը՝ պատասխանելով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադևոս Ավետիսյանի դիտարկմանը, թե հաշվառման-քննական կենտրոնները ծանրաբեռնված են աշխատում:

«Չպետք է մոռանանք, որ մենք գործ ունենք «վտանգավոր աղբյուրով» երթևեկության մեջ մտնող մարդկանց հետ, և այստեղ անել մի բան, որը կլինի արագ, հարմար, բայց արդյունքում կտուժի որակը, մենք նմանատիպ մոտեցում թույլատրել չենք կարող:

Դրա համար գնում ենք ինստիտուցիոնալ փոփոխությունների ճանապարհով, որոնք պահանջելու են ժամանակ, խնամքով մոտեցում հանրային անվտանգության թեմային, և մենք տարեվերջին մոդելային ամբողջ գծագրումներն այս տեսանկյունից կունենանք»,- ասաց նա՝ հավելելով, որ որոշ ստորաբաժանումներում հաստիքներ կավելանան, որոշ ստորաբաժանումների համար նոր տրանսպորտային միջոցներ ձեռք կբերվեն՝ թեթևացնելու քննական կենտրոնների աշխատանքը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ