![]()
Խորեն վարդապետ Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
Գերաշնորհ սրբազան հայրե՛ր,
նորություն չէ ձեզ համար այն, որ 2001 թ.-ին Կտրիճ Ներսիսյանն իր անպատկառությամբ հանդգնություն ունեցավ Մայր Տաճարի գլխավոր մուտքի վերին հատվածում փորագրել և զետեղել իր և իր հոմանուհու՝ ԼՈւԻԶ ՍԻՄՈՆ-ի անունը՝ վերջինիս արժանացնելով Մայր Տաճարի վերանորոգման և բարվոք պահպանման «Հավետ Բարերար» տիտղոսին: Ըստ սույն արձանագրության՝ Տիկին Լ. Սիմոնի ստեղծած հիմնադրամը ԱՌՀԱՎԵՏ պիտի հոգար Մայր Տաճարի վերանորոգությունը: Որոշ ժամանակ անց, երբ Մայր Տաճարի վերանորոգությունն անհրաժեշտություն դարձավ, Լուիզ Սիմոնի հիմնադրամը օգնության չհասավ: Սրբազան հայրե՜ր, դուք այս անամոթ ստի ու կեղծիքի վկան եք եղել: Ավելի քան տասը տարի Կտրիճ Ներսիսյանը ձեզ պարտադրում էր գումար հայթայթել վերանորոգման համար: Ձեր և անհատ բարերարների շնորհիվ անհաշիվ գումարներ հոսեցին Մայր Աթոռ: Ուստի, ամբողջությամբ արդարացված կլինի, որ հաջորդ Հայրապետը հեռացնի այդ կեղծ ու ամոթալի արձանագրությունը Մայր Տաճարից:
Գրիգորի որդի Կտրիճի համար Լուսավորչի գահը գնած անձը, ամենևին ոչ պատահական, կրում է ՍԻՄՈՆ անունը, սա այն դեպքն է, երբ Սիմոնը նաև սիմոնական է:
ՍԻՄՈՆԱԿԱՆՈւԹՅՈւՆԸ կաշառքի ու կոռուպցիայի եկեղեցական-աստվածաբանական տերմինն է: Հիմքը` Գործք Առաքելոց, 8:9-24-ի, ըստ որի Սիմոն կախարդը փորձում էր գումարով Սուրբ Հոգու շնորհ գնել:
Սրբազան հայրե՛ր, եկեղեցու իշխաննե՛ր, երբ օրվա կաթողիկոսը գործեց այս հրեշավոր պղծությունը` փորագրելով իր և Լուիզ Սիմոնի անունը Մայր Տաճարի վրա, դուք անտարբեր, կրավորական ու վախկոտ գտնվեցիք, ծպտուն չհանեցիք: Զավեշտն այն է, որ Մայր Տաճարի վրա փորագրված չէ անգամ Հայոց Արշակունի Արքա Սուրբ Տրդատ Գ-ի անունը, որի հրովարտակով Հայաստանում քրիստոնեությունը պետական կրոն հռչակվեց: Այդ օրերի ձեր կեցվածքը չեմ արդարացնում, բայց հասկանում եմ ձեր ապրումներն ու սանձարձակ բռնակալի մշտամնա ճնշումների ներքո լուռ մնալը: Այսօր ձեզ պատմական և բացառիկ առիթ է ընձեռված քայլ անելու և հանրահռչակելու առ Աստված և հայոց բանավոր հոտին, որ դուք հրաժարվում եք ՍԻՄՈՆԱԿԱՆ-ի հետևորդ լինելուց և լծվում եք մեր Սուրբ եկեղեցու վերանորոգման ու Հայաստանի Հանրապետության շենացման գործին:
Աստված օգնական:
![]()