Շիրակում 200-ից 500 հազար դրամ և ավելի աշխատավարձ ստացող ուսուցիչներ կան․ Առուշանյանը մանրամասնում է

«Շիրակի մարզում այս պահին 200-500 հազար դրամ աշխատավարձ ստացող շուրջ 700 ուսուցիչ կա։ 500 հազար դրամ և ավելի աշխատավարձ է ստանում երկու ուսուցիչ։ Նշված աշխատավարձերը արդեն հարկված են»։

Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանը՝ ընդգծելով, որ նշված գումարն արդեն հարկված աշխատավարձի չափն է:

«19 մանկավարժ ստանում է 400 հազար դրամ և ավելի, 124-ը՝ 300 հազար դրամ և ավելի աշխատավարձ, իսկ 526 մանկավարժ ստանում է 200 հազար դրամը գերազանցող աշխատավարձ»,- մանրամասնել է մարզպետը։

500 հազար դրամ աշխատավարձ ստացող 2 մանկավարժներից մեկը դասավանդում է Գյումրիում, մյուսը՝ մարզի գյուղերից մեկում։

400 հազար դրամ և ավելի աշխատավարձ ստացող 19 ուսուցիչներից 7-ը Գյումրիից է, 12-ը՝ մարզի տարբեր համայնքներից։

300 հազար դրամ և ավելի աշխատավարձ ստացող 124 մանկավարժներից 67-ը դասավանդում է Գյումրիում, 57-ը՝ մարզի գյուղական համայնքներում։

200 հազար դրամ և ավելի աշխատավարձ ստացող 526 ուսուցիչներից 204-ն աշխատում է Գյումրու դպրոցներում, 312-ը՝ մարզի այլ համայնքներում։

Վիճակագրությունը ներկայացնելիս մարզպետը նկատել է՝ օր օրի ավելանում է ատեստավորված մանկավարժների թիվը։ Կառավարությունը, ըստ Առուշանյանի, անում է հնարավոր ամեն ինչ, որպեսզի մանկավարժը դասասենյակ մտնելիս մտածի միայն իր մասնագիտական աշխատանքի մասին։ Հենց այս տրամաբանությունն է դրված ատեստավորման գործընթացի հիմքում։

«Որքան էլ մասնագիտությունը նա շատ սիրի, արհեստավարժ լինի, եթե տանը ֆինանսական հոգս ունի, մտահոգ է լինելու այդ հարցով, իսկ իմ նշած չափով աշխատավարձ ստացողները գոնե իրենց մինիմալ կարիքները կարողանում են հոգալ և ամբողջությամբ նվիրվում են դասապրոցեսին»,- վստահեցրել է Առուշանյանը։

Մարզպետն անդրադարձել է, իր ձևակերպմամբ, գուցե չիմացության, նաև անձնական կամ քաղաքական նպատակներով մանկավարժների աշխատավարձերի չափի վերաբերյալ աղավաղված հայտարարություններ անողներին։ Ընդգծել է՝ մանկավարժը պետք է օբյեկտիվ լինի ցանկացած պարագայում։

Անդրադառնալով մարզում դպրոցների միավորման գործընթացին՝ Դավիթ Առուշանյանը փաստել է՝ այս պահին դրանք նախագծեր են, և բոլորն առանց բացառությունների փուլ առ փուլ վերանայվում են՝ հաշվի առնելով համայնքների կարծիքը, հեռավորությունը և աշակերտների թիվը։

«Կար նախագիծ՝ Հողմիկի դպրոցը Արեգնադեմի դպրոցի հետ միավորելու, սակայն գյուղի բնակիչները ներկայացրին օբյեկտիվ հիմնավորումներ: Հաշվի առնելով երկու գյուղերի միջև հեռավորությունը՝ Կառավարության որոշման մեջ փոփոխություն կատարվեց։ Շահագործման հանձնելուց հետո դպրոցը կմիանա ավելի մոտ գտնվող Ամասիայի դպրոցին: Փորձում ենք այնպես անել, որ ճանապարհի հեռավորությունը չանցնի 1-2 կիլոմետրը»,- ասել է մարզպետը։

Մուսայելյանի դպրոցի հետ կապված ևս խնդիր կա։ Առուշանյանն անձամբ է այցելել Ձորի գյուղեր, ուսումնասիրել հարցը, տեղաբնակների բարձրացրած խնդիրների մասին գրավոր տարբերակով տեղեկացրել ՀՀ ԿԳՄՍ նախարարին՝ ներկայացնելով մարզպետարանի առաջարկները։

«Այս դպրոցների վերամիավորման մասին խոսելիս պետք է նշել, որ բոլոր գործընթացները մանրակրկիտ վերանայվում են։ Այս պահին այս տրամաբանությամբ ենք աշխատում։ Այո, Կառավարության որոշումով եղել է գործընթացը, մենք նոր դպրոցներ ենք կառուցում, բայց, միաժամանակ, երբ գալիս է այդ վերամիավորման փուլը, արդեն տեղային, գետնի վրա աշխատանքները տարվում են այդ ուղղությամբ։ Սրանով հանդերձ՝ դպրոցները, որոնց մասին խոսում ենք, շատ քիչ աշակերտներ ունեն, և բոլոր գործընթացները միտված են երեխաների լավագույն կրթություն ստանալուն, իսկ լավ կրթությունը միայն լավ մանկավարժը չէ, այլ նաև շենքային լավ պայմաններն ու հնարավորությունները։ Մենք կառուցում ենք բարձր որակի դպրոցներ՝ լաբորատորիաներով, սպորտայի դահլիճներով։ 12 տարի դպրոցում անցկացնող աշակերտը, բացի լավ գիտելիքից, պետք է ունենա նաև լավ ֆիզիկական պատրաստվածություն, չունենա առողջական խնդիրներ»,- շեշտել է մարզպետը։

Մինչ գործառույթը սկսելը հաշվի է առնվում ոչ միայն հեռավորությունը, այլ նաև աշակերտների թիվը։ Կրթությունը միայն լավ մանկավարժը չէ, այլ նաև լավ դպրոցական պայմանները»,- ընդգծել է նա։

Մարզպետն ասել է՝ հատկապես վերջին շրջանում գործ ունեն բազմաթիվ պատվիրված հոդվածների հետ, որոնք փորձում են արատավորել իրեն և գործընկերներին։ Առուշանյանը ընդգծել է՝ պետք չէ շատ չարչարվել, քանի որ Գյումրիում և Շիրակի մարզում բոլորն իրար ճանաչում են, և նման պատվիրված հոդվածներով հեղինակները միայն իրենց են արատավորում։

Անդրադառնալով դրամահավաքության վերաբերյալ հարցին՝ մարզպետն ասել է՝ ցանկացած իրական դեպքի պարագայում դպրոցի տնօրենը և մանկավարժներն օրենքով նախատեսված պատիժ կկրեն։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ