Օրվա գլուխգործոցը՝ Սամվելի եղբորորդու խոսքով՝ Հայաստանը աշխարհի 110 ամենաաղքատ երկրների շարքում է. Մանավազյան

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արուսյակ Մանավազյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում անդրադարձել է գործարար և միլիարդատեր Սամվել Կարապետյանի եղբորորդու վերջին հայտարարություններին:

«Քիչ առաջ աչքովս ընկավ Տաշիր Սամվելի եղբորորդու այսօր արված հայտարարությունները։ Ըստ էության նախընտրական հեքիաթների առաջին 5 հատորներն արդեն լույս են տեսել։ Սպասում ենք 6-րդին, որտեղ, հուսանք, 300 հազար նոր աշխատատեղը կդառնա առնվազն 1 միլիոն։

Ասում են փոքր բիզնեսը հարկ չի վճարելու։ Հիանալի է։ Մնում է հասկանալ՝ ինչո՞ւ տարիներ շարունակ նույն այդ փոքր բիզնեսին ձեր մոլերում անվճար տարածք չեք տվել, որ զարգանան։ ՀԷՑ-ում էլ, իհարկե, փոքր բիզնեսին գնումներին մասնակցության հնարավորություն չէիք տալիս, որ հանկարծ շատ չզարգանան։

Իսկ օրվա գլուխգործոցը՝ Սամվելի եղբորորդին ասաց, որ Հայաստանը աշխարհի 110 ամենաաղքատ երկրների շարքում է։ Ստացվում է ՀԲ գնահատականով` բարձր միջին եկամտային երկիր ենք, մեկ շնչին բաժին ընկնող ՀՆԱ-ով 190 երկրների մեջ առաջին 85-յակում ենք, բայց դե Նարեկը վերջից է հաշվում։

Ինչ ասեմ` ծիծաղելի ընդդիմություն է, որն անգամ կրկեսի տոմսերի գները չի իջեցնում, որ մարդիկ իրենց երեխաների համար կարողանան գնել, բայց հայտարարում են, այլ ապրանքների գները իջեցնելու մասին։

Այդպես էլ չստացանք նոր, բովանդակություն առաջարկող ընդդիմություն։ Ի դեպ, հետաքրքիր է՝ եթե նայեք «Հայաստան» դաշինքի 2021-ի նախընտրական ծրագրի վերջին էջը, այնտեղ կարծես անոնսով գրված է այն ուժի անունը, որը հաջորդիվ փոխարինելու է իրենց»,- գրել է Մանավազյանը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ