![]()
Քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանի խոսքով՝ «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը, որը գրանցել են Սամվել Կարապետյանի համախոհները, ի սկզբանե վատ մեկնարկ է ունեցել՝ ստիպված «Մեր ձևով» անունը կպցնելով իրեն:
Ըստ նրա՝ ակնհայտ է, որ այս մարդիկ ձևին են տուրք տալիս, որը հայկական իրականության մեջ այնքան էլ լավ չի ընկալվում:
«Վերջիններիս խոսույթը ցույց է տալիս, որ գրագետ չեն քաղաքական առումով, դրա համար էլ տուրք են տալիս պոպուլիստական հայտարարություններին: Չունեն պետական մտածողություն: Խոսում են բաներ, որոնք իրատեսական չեն: Հանկարծ աչքները բացել են և հայտնաբերել, որ փոքր բիզնես կա: Բա չէի՞ք մտածում, որ ձեր «Տաշիր պիցցայի» կողքին փոքր բիզնեսը սնանկանում էր, առաջ դրան նորմալ էիք նայում, «Տաշիր պիցցան» պետք է ծաղկեր»,- ասում է նա:
Սաֆարյանի նկատառմամբ՝ այս մարդիկ քաղաքականության մեջ թրծված չեն, ենթագիտակցորեն ինչ մտածում են, այն էլ ասում են:
«Մեկ դրամով աշխատող տղերք էիք, բա գնայիք Ղարաբաղում աշխատեիք, ՀՀ-ում մարզպետ աշխատեիք, բա ո՞ւր էիք: Մի դրամով աշխատող տղեն ՀԷՑ-ում միլիոնների աշխատավարձ էր տալիս, որ բոլորը գումարեիք, ժողովրդի համար հոսանքը 20 դրամով կէժանացնեիք: Շուստրի տղերքով որոշել են՝ ունենան մի քանի անձնագիր, խմեն մի քանի մոր կաթ, երբ ուզենան, գան ՀՀ, ասեն՝ մենք ենք որոշելու․ գլուխներդ պատին եք տալու, ժողովուրդն է որոշելու»,- շեշտում է զրուցակիցը:
Քաղաքագետն այն համոզմանն է, որ Ռոբերտ Քոչարյանը որպես պրոյեկտ ձախողվել է, և մնացել է Սամվել Կարապետյանը, Սոլովյովն էլ ասաց, թե նրա ձևը որն է:
Անդրադառնալով TRIPP-ին և դրա շուրջ հնչող քննադատություններին՝ Սաֆարյանը նկատում է. «Փորացավներն այն է, որ այս պրոյեկտում ՌԴ-ն չկա․ սա են ծանր տանում: Հիշում ենք Սամվել Կարապետյանի խայտառակ կոչը, որ պատերազմի ժամանակ կոչ էր անում վերադառնալ բանակցությունների շուրջ: Խիստ հումանիստ էր ձևանում: Լավրովը հոխորտում էր, թե գնացել եք անվտանգության երաշխավորներ եք փնտրում, բա Նարեկ Կարապետյանն ու Սամվել Կարապետյանն ո՞ւր էին, ինչո՞ւ էին պատերի տակ մտել, որովհետև Լավրովի դեմ չէին կարող խոսել»:
Մեկնաբանելով ՌԴ արտաքին քաղաքականության երկարամյա գլուխ Լավրովի այն հայտարարությունը, թե Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանը քաղբանտարկյալ է, քաղաքագետն ասում է. «ՌԴ-ի քաղաքականության մասին պատկերացումների բարձրակետը Վարդան Ղուկասյանի գործունեությունն է: ՌԴ-ն մատնում է, որ Գյումրու օպերացիան Կրեմլն էր ձեռնարկել, Լավրովն աղմկում է, որ այն ձախողվել է: Ուզում է ասել՝ կեղտոտ եվրոպացիները չեն թողնում՝ մեր ծրագրերը ՀՀ-ում իրագործենք»:
Սաֆարյանը շեշտում է՝ նրանք, ովքեր ընտրություններին ձայն կտան այս մարդկանց, ձայն կտան պետություն չունենալու համար. «Մենք գործ ունենք գառան մորթու տակ թաքնված գայլերի հետ, որոնք պայքարում են ՀՀ պետականության դեմ»:
Առավել մանրամասն՝ «Հայկական ժամանակ»-ի հետ հարցազրույցում:
![]()