![]()
Սամվել Կարապետյանի եղբոր որդին՝ Նարեկ Կարապետյանը, հայտարարում է, թե Հայաստանում պետք է ստեղծվի 300 հազար նոր աշխատատեղ՝ ակնարկելով, որ երկրում իբր կա աշխատատեղերի լուրջ խնդիր։ Հայտարարություն, որն առաջին հայացքից կարող է հնչել հույս ներշնչող, բայց իրականում կտրված է Հայաստանի այսօրվա տնտեսական իրականությունից։
Սկսենք ամենակարևոր փաստից: 2018 թվականից հետո Հայաստանում արդեն ստեղծվել է 300 հազարից ավելի նոր աշխատատեղ։ Սա վիճակագրական մանիպուլյացիա չէ, այլ փաստ, որը տեսանելի է տնտեսության գրեթե բոլոր ճյուղերում։ Եթե նույնիսկ մարդը չի վստահում թվերին, բավական է պարզապես նայել շուրջը՝ հասկանալու համար, որ խնդիրը վաղուց այլ տեղ է։
Այսօր Հայաստանում կան տասնյակ հազարավոր միգրանտներ՝ Հնդկաստանից, Իրանից, Եգիպտոսից, Պակիստանից, Աֆրիկայից և այլ երկրներից։ Նրանք եկել են ոչ թե զբոսաշրջության, այլ աշխատելու։ Եվ աշխատում են այնտեղ, որտեղ կա պահանջ՝ առաքման, տաքսի ծառայություններ, շինարարություն, մաքրություն, գործարաններ և արտադրամասեր, սպասարկման ոլորտ։ Սրանք իրական աշխատատեղեր են, ոչ թե թղթի վրա գրված խոստումներ։
Ու այստեղ առաջանում է շատ պարզ, բայց անհարմար հարց, եթե Հայաստանում աշխատատեղերի խնդիր կա, ապա ինչպե՞ս են օտար քաղաքացիները գալիս ու աշխատում հենց այստեղ։ Տնտեսությունը չի աշխատում լոզունգներով։ Եթե մարդիկ գալիս են, մնում են, աշխատում են ու ապրում են, նշանակում է՝ գործ կա։ Իրական խնդիրն ուրիշ է։ Այսօր տարբեր ոլորտներում գործատուները գրեթե նույն բանն են ասում՝ գործը շատ է, մասնագետը՝ քիչ։ Սա աշխատատեղերի պակաս չէ։ Սա մասնագիտական ճգնաժամ է, կրթության և աշխատանքի մշակույթի խնդիր։
Տարիներ շարունակ մարդկանց ասել են, թե «լավ աշխատանքը» պարտադիր պետք է լինի գրասենյակային, մաքուր, իսկ ձեռքով կամ տեխնիկական աշխատանքը երկրորդական է։ Արդյունքում՝ շուկան ունի պահանջ, բայց չունի համապատասխան մարդ։
Երբ այսօր կրկին հնչեցվում է «300 հազար նոր աշխատատեղ» խոստումը, դա այլևս տնտեսական ծրագիր չէ, այլ քաղաքական ծուխ, էժան մանիպուլյացիա։ Փորձ՝ ներկայացնելու գոյություն չունեցող խնդիր ու դրա համար առաջարկելու «փրկօղակ»։
Բայց իրականությունն ավելի պարզ է։ Հայաստանում այսօր խնդիրն այն չէ, որ մարդիկ չեն կարողանում աշխատանք գտնել, այլ այն, որ տնտեսությունը չի կարողանում բավարար թվով պատրաստված մասնագետ գտնել։ Հայաստանը չի տառապում աշխատատեղերի սղությունից։ Հայաստանը տառապում է մասնագետների սղությունից և ինքնախաբեությունից։
Եվ քանի դեռ քաղաքական գործիչներն ու նրանց հարազատ շրջապատը շարունակում են հին լոզունգներով նկարագրել մի իրականություն, որը վաղուց փոխվել է, այդ բացը կլցնեն ուրիշները՝ միգրանտները։ Տնտեսությունը չի սպասում խոստումներին։ Այն աշխատում է նրանց հետ, ովքեր պատրաստ են աշխատել։
![]()