Գորիսում սահնակով սահելիս անչափահասները բախվել են բետոնե արգելապատնեշին. մեկը մահացել է, մյուսի վիճակը ծանր է

Հունվարի 15-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 23:30-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Գորիսի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ 2 երեխա մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Գորիս» բժշկական կենտրոն։

Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ տեղում բժիշկները ոստիկաններին և պարեկներին հայտնել են, որ վիրավորներն ի վիճակի չեն կատարվածի մասին տեղեկատվություն տալու, քանի որ գտնվում են վերակենդանացման բաժանմունքում։ Ոստիկաններն ու պարեկները պարզել են, որ վիրավորները Սյունիքի մարզի բնակիչներ 17-ամյա Գուրգեն Գ.-ն է, որը հիվանդանոց է տեղափոխվել «ներքին արյունահոսություն, պոլիտրավմա, փակ գանգուղեղային տրավմա» ախտորոշմամբ, և 17-ամյա Արմեն Յ.-ն, որը հիվանդանոց է տեղափոխվել «պոլիտրավմա, կոնքոսկրի կոտրվածք» ախտորոշմամբ։

Երեխաները հիվանդանոց են տեղափոխվել Գորիսի բժշկական կենտրոնի շտապօգնության ավտոմեքենաներով։

Ոստիկաններն ու պարեկները պարզել են, որ նույն օրը՝ ժամը 22:15-ի սահմաններում, Գուրգեն Գ.-ն և Արմեն Յ.-ն Գորիս քաղաքի Խորենացու փողոցում սահնակով սահելիս բախվել են ճանապարհի եզրին տեղադրված քարե արգելապատնեշին, ինչի հետևանքով էլ ստացել են մարմնական վնասվածքները։ Հաջորդ օրը՝ հունվարի 16-ին՝ գիշերը ժամը 00:20-ի սահմաններում, Գուրգեն Գ.-ն, վերակենդանացման բաժանմունքում գիտակցության չգալով, մահացել է, իսկ Արմեն Յ.-ի առողջական վիճակը այս պահին գնահատվում է ծանր։

Դեպքի մասին ոստիկանության Գորիսի բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության Գորիսի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը։ Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Սկզբնաղբյուրի տեղեկություններով՝ մահացածը սովորում էր Գորիս քաղաքի Ակսել Բակունցի անվան թիվ 1 միջնակարգ դպրոցում։

Возможно, это изображение один или несколько человек и люди улыбаются

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ