![]()
ՀՀ Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անունից իր ելույթում խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը հիշեցրեց՝ ընդդիմությունը երեկ իրենց մեղադրում էր Հայ Առաքելական եկեղեցին ասպատակելու համար, հնչեցնում էր եկեղեցու վրա հարձակվելու մեղադրանքներ:
Կոնջորյանը հիշեցրեց՝ Կտրիճ Ներսիսյանը Եկեղեցուն պատկանող Սուրբ Գեղարդից մի մաս նվիրել է այլ պետության ներկայացուցչի. «Այն Կտրիճ Ներսիսյանը, որի եղբայրը, ըստ հրապարակված փաստաթղթի, КГБ-ի գործակալ է: Հետո մի այլ հոգևորական Կտրիճ Ներսիսյանի մերձավոր շրջապատից՝ Ասողիկը, ասել է, որ Կտրիճ Ներսիսյանն ունի բացարձակ իրավունք՝ ցանկացած մասունք նվիրել ցանկացածին՝ անկախ նրանից՝ այդ մարդը աշխարհակա՞ն է, թե՞ հոգևորական:Այստեղ մենք հիշում ենք, որ Կտրիճ Ներսիսյանը, որը կուսակրոնության ուխտ է տվել, խախտել է այդ ուխտը և ունի զավակ կամ զավակներ, որոնք աշխարհական են: Կտրիճ Ներսիսյանը, ինչպես ասում է Ասողիկը, կարող է ցանկացած բան նաև նվիրաբերել իր աշխարհական զավակին կամ զավակներին, որոնք էլ իրենց հերթին կարող են նվիրաբերել մեկ ուրիշի կամ երրորդ պետություններին:
Հիմա մեր ընդդիմությունն ասում է, որ մենք ենք հարձակվել եկեղեցու վրա և ոչ թե Կտրիճ Ներսիսյանը»,- ասաց Կոնջորյանը:
Նրա խոսքով՝ այդ ամբողջ իրավիճակի վրա լույս սփռեց պատգամավոր Լիլիթ Գալստյանը, որ եկավ և մի մոգական բառ ասաց՝ «աբրակադաաբրա», և ամեն ինչ իր տեղն ընկավ:
«Ասաց՝ ոչ թե Կտրիճ Ներսիսյանը տվել կամ նվիրել է դա, այլ ընծայաբերել է: Այ էդտեղ ամեն ինչ տեղն ընկավ: Քանի որ Կտրիճ Ներսիսյանը ընծայաբերել է Գեղարդը, ուրեմն ամեն ինչ նորմալ է: Այդ նույն տրամաբանությամբ կարո՞ղ է Ռոբերտ Քոչարյանը ժամանակին ընծայաբերել է Հայաստանի գույքը Ռուսաստանին կամ պատրաստվում էր ընծայաբերել Մեղրին Ղարաբաղի դիմաց, կամ, օրինակ, պատրաստվո՞ւմ է Ռոբերտ Քոչարյանը, ըստ դատախազության, իր 200 միլիոն դոլարը ընծայաբերել Ղարաբաղից տեղահանվածներին»,- հայտարարեց ՔՊ խմբակցության ղեկավարը:
Նա հիշեցրեց՝ պետությունը 2025-ին 250 միլիոն դոլար վարկ է վերցրել, որ Ղարաբաղից տեղահանվածների բնակարանային հարցը լուծի:
«Ես առաջարկում եմ, տիկի՛ն Գալստյան, ձեր ղեկավարին ասեք, որ իր այդ 200 միլիոնը ընծայաբերի, նվիրի Ղարաբաղից տեղահանվածներին»,- խոսքը եզրափակեց Հայկ Կոնջորյանը:
![]()