![]()
Ռուսաստանցի օլիգարխ Սամվել Կարապետյանը նոր կուսակցություն է ձևավորել՝ «Ուժեղ Հայաստան» անունով։
Հայաստանի քաղաքական դաշտում կա մի տարօրինակ օրինաչափություն՝ որքան ավելի բարձրագոչ ու հայրենասիրական է կուսակցության անունը, այնքան ավելի փոքր է այդ ուժի պատկերացրած Հայաստանի սուբյեկտայնությունը։
«Ուժեղ Հայաստան», «Մայր Հայաստան», «Հայաստան դաշինք» և այլն, անուններ, որոնք հնչում են պետականության, ինքնիշխանության, ուժի մասին, բայց ղեկավար կազմի աշխարհաքաղաքական պատկերացումներում Հայաստանը լավագույն դեպքում ռուսական ռայոն է, վատագույն դեպքում՝ ֆորպոստ։ Սա արդեն քաղաքական խանգարում է։ Մարդիկ, որոնք անկեղծորեն չեն պատկերացնում Հայաստանը որպես ինքնուրույն պետություն, ստիպված են անունների մակարդակում գոռալ այն, ինչ ներսում բացակայում է։ Երբ բովանդակություն չկա, անունն է դառնում փոխհատուցում։ Եթե անկեղծ լինեին, այդ ուժերի անունները պիտի լինեին շատ ավելի ճշգրիտ՝ «Գուբերնիա Արմենիա»,«Ֆորպոստ Արմենիա»,«Հյուսիսային ռազմական օկրուգի հարավային հատված» ու այդօրինակ այլ անուններ։ Գոնե ազնիվ կլիներ։ Քաղաքական ազնվությունը հենց սա է՝ չթաքցնել իրական վերաբերմունքը պետության հանդեպ։
Այս ուժերի մեծ մասը Հայաստանը տեսնում է ոչ թե որպես նպատակ, այլ որպես գործիք։ Ոչ թե արժեք, այլ տարածք։ Ոչ թե պետություն, այլ միջանցք՝ ռուսական շահերի սպասարկման համար։ Եվ հենց այստեղ է ամբողջ պարադոքսը՝ որքան շատ են խոսում «մայր հայրենիքից», այնքան ավելի են նսեմացնում այդ հայրենիքի ինքնուրույնությունը։ Նրանց համար «Ուժեղ Հայաստան»-ը նշանակում է ուժեղ կախվածություն։ «Մայր Հայաստան»-ը՝ խնամակալության տակ գտնվող երեխա։
Իսկ ամենացավալին այն է, որ այս ամենը փաթեթավորվում է կեղծ հայրենասիրությամբ՝ դրոշ, կարգախոս, աղմուկ, սպառնալիքներ ու մշտական վախի մանիպուլյացիա։
Հայաստանի խնդիրը միայն արտաքին ճնշումները չեն։ Ավելի վտանգավոր են այն ներքին ուժերը, որոնք պետություն չեն պատկերացնում առանց «մեծ եղբոր» թույլտվության։ Որոնց համար անկախությունը ոչ թե նպատակ է, այլ ժամանակավոր անհարմարություն։
Ուստի մի առաջարկ՝ եթե արդեն ընտրել եք ռուսական ռայոնի մտածողությունը, գոնե այն մի՛ թաքցրեք հայրենասիրական անվանումների տակ։ Մի՛ շահարկեք «Հայաստան» բառը այն գաղափարների համար, որոնք հենց այդ Հայաստանի գոյությանն են հակասում։ Հայաստանը կամ պետություն է, կամ գուբերնիա։ Երկուսը միասին չի լինում։
![]()