Հայաստան-Վրաստան համաձայնագրի վավերացումը կնպաստի երկրների միգրացիայի արդյունավետ համագործակցության զարգացմանը

Հունվարի 19-ին գումարված ԱԺ հերթական նիստերի ժամանակ քննարկվել է ««Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Վրաստանի կառավարության միջեւ առանց թույլտվության բնակվող անձանց հետընդունման (ռեադմիսիայի) մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին» նախագիծը: Համաձայնագիրը ստորագրվել է 2025 թվականի հուլիսի 21-ին Թբիլիսիում, վերաբերում է երկու պետությունների տարածքում առանց օրինական հիմքերի գտնվող քաղաքացիներին:

Հիմնական զեկուցող, ՀՀ ներքին գործերի նախարարի տեղակալ Արմեն Ղազարյանը նշել է, որ փաստաթղթի վավերացումը կնպաստի երկու երկրների միջեւ միգրացիայի ոլորտում արդյունավետ համագործակցության զարգացմանը: Փոխնախարարը տեղեկացրել է, որ համաձայնագրի նպատակն անօրինական միգրացիայի կանխարգելումն ու զսպումն է, միգրացիայի ոլորտում համագործակցության հաստատումը:

Համաձայնագրով ամրագրվում են ընթացակարգեր, ըստ որոնց՝ Հայաստանի եւ Վրաստանի պետական լիազոր մարմինները կարող են նման անձանց վերաբերյալ տեղեկատվություն փոխանակել, սահմանվում են այն փաստաթղթերը, որոնց միջոցով ճշտվում է անձի քաղաքացիությունը, ինչպես նաեւ այն հաղորդակցության ուղիները, որոնց միջոցով հաստատվում է, որ անձը կարող է մյուս կողմից հետ ընդունվել:

Հարակից զեկուցող, ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը, ներկայացնելով հանձնաժողովի դրական եզրակացությունը, կարեւորել է համաձայնագրի ընդունումը եւ առաջարկել կողմ քվեարկել:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ