Ամեն մեկը 6 հատ անձնագիր ունի. մի կաթսայում եռացող մարդիկ կապ չունեն ՀՀ պետական շահի հետ. Վաղարշակ Հակոբյան. տեսանյութ

Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վաղարշակ Հակոբյանի խոսքով՝ եկեղեցու բարենորոգման օրակարգը այլընտրանք չունի:

«Տեսանք՝ դիվանապետ լինելով՝ ինչով էր զբաղված: Բանական որևէ մարդ չի կարող ասել, որ եկեղեցին չունի բարենորոգման կարիք: Իրենց օրակարգը ՀՀ պետական շահին համապատասխան չէ: Կտրիճ Ներսիսյանի մնալը անվտանգության հարց է»,- նկատում է նա:

Ըստ Հակոբյանի՝ Գարեգին Բ-ն (Կտրիճ Ներսիսյան) փորձելու է ժամանակ շահել մինչև ընտրություններ: Պատգամավորն ասում է՝ նրան համոզում են, թե երկրում բան է փոխվելու. «Նա կառավարվում է այնտեղից, որտեղից կառավարվում են շատ ընդդիմադիր գործիչներ: Մի կաթսայում եռացող մարդիկ կապ չունեն ՀՀ պետական շահի հետ: Ամեն մեկը 6 հատ անձնագիր ունի»:

Հարցադրմանը, թե մտավախություն չունե՞ն, որ կարող է Գյումրիի սցենարը կրկնվել, իշխող ուժի անդամը նկատում է. «Գյումրիում ստեղծված կրքոտ իրավիճակը ժողովրդավարության արդյունք է: Դրա համար էինք ասում՝ ժողովո՛ւրդ ջան, սրանք նույնն են, ում էլ ընտրեք»:

Անդրադառնալով իշխանության ընդդիմախոսների, մասնավորապես միլիարդատեր Սամվել Կարապետյանի եղբոր որդու՝ Նարեկ Կարապետյանի այն հայտարարություններին, թե իբր Թուրքիայի արտաքին գործերի նախարարը հայտարարել է, որ աջակցում է ՀՀ գործող իշխանությանը սպասվող խորհրդարանական ընտրություններում, Վաղարշակ Հակոբյանը նշում է. «Ասում են, որ Քոչարյաններն են սերտ կապված Ադրբեջանի հետ, չգիտեմ, ասում են՝ մեզ չի կարելի նման հարցերում մեղադրել: Սուտ է, թե Ֆիդանն ասել է՝ աջակցում է մեզ: ՀՀ պետական շահի հետ կապ չունեցողներին ձեռք չի տալիս, որ մենք հարևանների հետ հարաբերությունները կարգավորենք և զարգանանք»:

Իշխող ուժի անդամը շեշտում է՝ ինչպես որոշի ժողովուրդը սպասվող խորհրդարանական ընտրություններին, այդ արդյունքի հետ հաշտ կլինեն. «Լույսերը չեն անջատվելու, քվեատուփերը չեն գողացվելու, վստահված անձանց չեն ծեծելու, ջարդելու, սպանելու, մազերից բռնած գետնով չեն տալու, ինչպես արել են: Ժողովուրդը ինչ որոշի, այդպես էլ կլինի»:

Առավել մանրամասն՝ «Հայկական ժամանակ»-ի հետ հարցազրույցում:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ