Մի իքս պահից խիստ վարչարարություն է գործելու․ քննարկվել է Էկոնոմիկայի նախարարության 2025-ի հաշվետվությունը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Էկոնոմիկայի նախարարություն՝ գերատեսչության 2025 թվականի գործունեության հաշվետվությունը քննարկելու նպատակով։

Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը նշել է, որ 2025 թվականն, ընդհանուր առմամբ, բարենպաստ է եղել տնտեսության համար։ 2025–ի հունվար–սեպտեմբերին 2024 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ արձանագրվել է 6.0% աճ։ Միաժամանակ արձանագրվել է, որ Կառավարության 2021–2026 թվականների համար սահմանված 7.0% թիրախի համեմատ 2021–2025 թվականներին միջին տարեկան աճը (2025 թվականի տարեկանացված հաշվարկով) կազմել է շուրջ 8.13%։ Նշվել է նաև, որ 2018 թվականից ի վեր տնտեսությունն աճել է ավելի քան 50%-ով, իսկ մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ն 2017 թվականի 3.8 հազար ԱՄՆ դոլարից 2024 թվականին հասել է 8.56 հազար ԱՄՆ դոլարի։

Տնտեսական ակտիվության մասով ներկայացվել է, որ 2025 թվականի հունվար–նոյեմբերին 2024 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ տնտեսական ակտիվության ցուցանիշը կազմել է 8.3%։ Դրական աճ են արձանագրել արդյունաբերությունը (0.5%), ծառայությունները (10.9%), առևտուրը (3.0%) և շինարարությունը (20.1%)։ Գյուղատնտեսության ոլորտում 2025 թվականի հունվար–սեպտեմբերին արձանագրվել է 6.0% աճ, իսկ տարեկան ցուցանիշի համար կանխատեսվել է 5.0–6.0% միջակայք։

Արտադրողականության վերաբերյալ նախարար Գևորգ Պապոյանը նշել է, որ 2024 թվականի տվյալներով Հայաստանում ՀՆԱ արտադրողականությունը կազմել է 10.3 դոլար մեկ մարդ/ժամում՝ 2017 թվականի համեմատ աճելով ավելի քան 1.7 անգամ։ Նշվել է, որ առկա միտումների պահպանման պարագայում իրատեսական է 2026 թվականին նախատեսված 12 դոլար մարդ/ժամ թիրախի ապահովումը։

Գործարար միջավայրի միջազգային գնահատականների համատեքստում անդրադարձ է կատարվել Համաշխարհային բանկի Business Ready (B-READY) 2025 զեկույցին։ Նշվել է, որ Հայաստանը ստացել է 66.7 միավոր, ինչը 6.6 միավորով գերազանցում է գնահատված երկրների միջին ցուցանիշը (60.1)։ Ըստ նախարարության կողմից իրականացված վերլուծական հաշվարկների՝ Հայաստանը զբաղեցնում է 37-րդ հորիզոնականը 101 երկրների շարքում։

Բյուջետային կատարման մասով ներկայացվել է, որ 2025–ին Էկոնոմիկայի նախարարությանը հատկացված 79.52 մլրդ դրամի ճշտված պլանը կազմել է 79 մլրդ դրամ, և փաստացի իրականացվել է վերջինիս 97.2%-ը՝ 76.8 մլրդ դրամ։ Նախարարությունը 2025–ին իրականացրել է 10 բյուջետային ծրագիր և 93 միջոցառում։ Էկոնոմիկայի ոլորտում փաստացի կատարողականը կազմել է 32.5 մլրդ դրամ կամ 99.3%, գյուղատնտեսության ոլորտում՝ 42.8 մլրդ դրամ կամ 96.3%, զբոսաշրջության ոլորտում՝ 1.5 մլրդ դրամ կամ 83.0%։

Նախարարը ներկայացրել է նախարարության թվայնացման ուղղությամբ իրականացված աշխատանքները՝ նշելով, որ համակարգում գործում են մի շարք էլեկտրոնային հարթակներ՝ ստանդարտացման փաստաթղթերի վաճառք, չափման միջոցների ստուգաչափման համակարգ, «ԱՆԻ ՊԱՍ» տեղեկատվական համակարգ, հավատարմագրման և համապատասխանության գնահատման ռեեստրներ, ինչպես նաև մտավոր սեփականության հայտերի էլեկտրոնային ընդունման համակարգեր։

Հաշվետու ժամանակահատվածում մշակվել և ներդրվել է գյուղատնտեսական (խաղողի) արժեշղթայի կառավարման համակարգի հիմքը՝ գինեգործական արտադրանքի հետագծելիության ապահովման, մթերման գործընթացի կարգավորման և կեղծարարությունների կանխման նպատակով։ Ստեղծվել են խաղողի տնկարկների գոտիավորման ինտերակտիվ քարտեզներ։ Թվայնացվել են ոռոգման և կարկտապաշտպան ծրագրերի դիմումների գործընթացները, ինչպես նաև ֆինանսական կառույցներից ստացվող տվյալների ավտոմատացված ստուգումը։ 2025–ի դեկտեմբերից ներդրվել է e-accreditation ավտոմատացված համակարգը՝ հավատարմագրման գործընթացի ամբողջական թվայնացման նպատակով։ Տարածական տվյալների կառավարման շրջանակում կիրառվել է ArcGIS Enterprise համակարգը՝ գյուղատնտեսական ծրագրերի թեմատիկ շերտերի ստեղծմամբ և թարմացմամբ։

Միաժամանակ նշվել է, որ նախարարությունում կա համակարգ, որը թվայնացված է, սակայն դեռևս դիմումներ ընդունում են նաև թղթային եղանակով։

Այս համատեքստում, վարչապետը նշել է․ «Թվայնացման հատվածում մենք մեր տակտիկան հասկացե՞լ ենք, թե որն է այն կետը, որպեսզի ասենք՝ վերջ, մենք թուղթ այլևս չենք ընդունում։ Հաջորդ գործողություն է պետք, դա այն է, որ թուղթ չի մտնում համակարգ։ Պետք է ասել, որ այսինչ օրվանից այս համակարգը թղթային գործառույթի համար փակ է։ Թվայնացումը մեզ համար հետաքրքիր է նաև հետագծելիություն և վերահսկողություն ապահովելու համար»։

Միաժամանակ երկրի ղեկավարը հետաքրքրվել է՝ արդյոք այժմ հնարավոր է քարտեզի վրա տեսնել, թե օրինակ՝ որ հատվածներում է տեղադրված կաթիլային ոռոգման համակարգ։ Էկոնոմիկայի նախարարը դրական պատասխան է տվել և հավելել․ «թվայնացված 9 շերտ կա, որին ևս 5–ը պետք է ավելանա։ Դրանից հետո այլ շերտեր ևս պետք է ավելացնենք, օրինակ՝ արդյունաբերական ձեռնարկությունները, նրանց հնարավորությունները»։

Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ այս բոլոր ծրագրերը երկու կողմ ունեն․ «Մեկի իմաստն այն է, որ քաղաքացու կյանքը հեշտացնենք, եթե օրինակ թուղթ չկա, դա նշանակում է մարդը կարիք չունի Մեղրիից գալ հասնել նախարարություն։ Սա մի կողմն է, երկրորդ կողմն էլ այն է, որ մենք էլ պետք է ծրագրի հետագծելիություն ունենանք և ծրագիրը պետք է մեզ ցույց տա, որ հանրապետությունում այսինչ տեղում կա կաթիլային ոռոգում»։

Միաժամանակ, ի պատասխան վարչապետի հարցին՝ տեղեկացվել է, որ ներկայումս հանրապետությունում կա 4630 հեկտար ինտենսիվ այգի։ Կառավարության 2021–2026 թվականների ծրագրով նախատեսվել էր տարեկան հիմնել 1000 հեկտար ինտենսիվ այգի, սակայն 4,5 տարում հիմնվել է ավելի քան 4600 հեկտար։

Արտադրողականության խթանման ծրագրի շրջանակում նշվել է, որ դրա մեկնարկից մինչև 2025 թվականի ավարտը վարկային և լիզինգային պորտֆելը կազմել է շուրջ 439 մլրդ դրամ, շահառուների թիվը՝ 4,976, կնքված պայմանագրերը՝ 8,841, իսկ ձեռք բերված մեքենասարքավորումները՝ 13,660 միավոր։ Միայն 2025 թվականին սուբսիդավորված գումարը կազմել է շուրջ 22.9 մլրդ դրամ։ Գևորգ Պապոյանը տեղեկացրել է, որ նշված մեքենասարքավորումների մեջ չեն մտնում գյուղտեխնիկան և ագրոսարքավորումները։ Դրանք վերաբերում են շինարարությանը, արդյունաբերությանը, առողջապահությանը և այլն։ Միաժամանակ նա հավելել է, որ վերջին 4,5 տարում ձեռք է բերվել 3969 միավոր գյուղտեխնիկա, Կառավարության 2021–2026 թվականների ծրագրով տարեկան նախատեսվել է ձեռք բերել 250 միավոր ագրովերամշակման սարքավորում, սակայն արդեն իսկ ձեռք է բերվել 2832 միավոր տեխնիկա։ 23,3 մլրդ դրամ կազմել է ագրոպարենային ոլորտի վարկավորման պորտֆելը, 23,3 մլրդ դրամ էլ՝ գյուղտեխնիկայի լիզինգային ծրագրի պորտֆելը։

Հաջորդիվ անդրադարձ է կատարվել սպանդանոցային մորթի կազմակերպման գործընթացին և Կառավարության աջակցության ծրագրին։ Էկոնոմիկայի նախարարը նշել է, որ մինչ այժմ Կառավարության ծրագրից օգտվել է 2 ընկերություն և միաժամանակ կարևորել սպանդանոցային մորթի խստացմանը և խթանմանը միտված քաղաքականությունը։

«Պետք է գնալ և տեսնել՝ արդյոք այդ ընկերությունները գոհ են արդյունքից, թե՝ ոչ, պետք է հաղորդակցություն լինի, այդ թվում՝ նրանց հետ, ովքեր չեն օգտվում։ Նրանք պետք է իմանան, որ այլ միջոցներ են գործելու։ Մոտեցումը կրկին հետևողականությունն է երկու մասով՝ ծրագիրը մոնիթորինգ անել՝ լավարկել, խրախուսման, խթանման մեխանիզմներ ներդնել, բայց հասկանալ, որ դրանք մինչև մի իքս պահն են գործելու և բոլորը պետք է դրա մասին իրազեկված լինեն։ Ապագայում մի իքս պահից շատ խիստ վարչարարություն է գործելու, բայց մեր առաջին նպատակադրումն այն է, որ ծրագիրը մաքսիմալ կիրառական լինի»,– ընդգծել է վարչապետ Փաշինյանը։

Մտավոր սեփականության ոլորտում 2025-ի ընթացքում մշակվել է 2026–2030 թվականների ռազմավարական ծրագրի նախագիծը և իրականացվել են վերլուծական աշխատանքներ։ Արտահանման խթանման ուղղությամբ անդրադարձ է կատարվել 2025–2030 թվականների արտահանման ռազմավարության ընդունմանը և միջազգային ցուցահանդեսների մասնակցության կազմակերպմանը։

Մրցակցության և սպառողների պաշտպանության ոլորտում նշվել է, որ 2025 թվականին ընդունվել են համապատասխան օրենսդրական փոփոխություններ։ Կանաչ զարգացման ուղղությամբ ներկայացվել է կանաչ տնտեսության տաքսոնոմիայի ընդունումը և կանաչ, կայուն ու շրջանաձև տնտեսության զարգացման շրջանակային գործողությունների ծրագրի հաստատումը։

Գևորգ Պապոյանը ներկայացրել է նաև 2026 թվականի առաջին կիսամյակի առաջնահերթությունները։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ