![]()
Հրապարակախոս Գագիկ Քամալյանը «ֆեյսբուքի» իր էջում գրել է.
«Դուգինը հայկական ռուսահաճո ընդդիմության գաղափարական հայրերից է։
Երբ այսօր ասում են՝ «եթե Փաշինյանը չհեռանա, կկործանվենք», իրականում փորձում են փոխանցել մեկ պարզ ուղերձ․ ռուսներն իրենց հստակ ասել են՝ «հեռացրեք Փաշինյանին, հակառակ դեպքում կոչնչացնենք ձեզ»։
Այստեղ բնական հարց է ծագում․ ինչո՞ւ է Ռուսաստանը ցանկանում հեռացնել Փաշինյանին։
Այս հարցի պատասխանը թաքնված է այն բոլոր քաղաքական ու հասարակական գործընթացներում, որոնք տեղի են ունեցել և շարունակում են տեղի ունենալ Հայաստանում։
Իսկ այդ հարցն ունի երեք հստակ պատասխան։
Առաջին․ Փաշինյանին ընտրել է Հայաստանի Հանրապետության քաղաքացին։ Իսկ քաղաքացու ազատ ընտրությունն ու ռուսական իմպերալիզմը սկզբունքորեն միմյանց հակասող երևույթներ են։
Երկրորդ․ Փաշինյանը համարձակվել է քայլ կատարել դեպի տարածաշրջանային խաղաղություն։ Նա ունեցել է քաղաքական կամք՝ ընդունելու ծանր ու ցավոտ որոշումներ և փորձել է Հայաստանի համար բացել այլընտրանքների դաշտ, ինչը, բնականաբար, նվազեցնում է հայկական պետության կախվածությունը ռուսական ճնշող ազդեցությունից։
Երրորդ․ Հայաստանում մեկնարկել է մի գործընթաց, որի արդյունքում հայաստանցի մարդու քաղաքական պատկերացումները կամաց-կամաց դուրս են գալիս ռուսական հատուկ ծառայությունների կողմից պարտադրված նարատիվների շրջանակից։ Հայաստանցին աստիճանաբար դադարում է աշխարհը դիտարկել ռուսական աչքերով։
Ռուսաստանի ամենամեծ և ամենաարդյունավետ գործիքը, որով տարիներ շարունակ վերահսկել է հայ ժողովրդի քաղաքական մտածողությունն ու հավաքական հույզերը, եղել և մնում են հայ-թուրքական թշնամական հարաբերությունները։
Այսօր էլ Ռուսաստանը նույն այդ գործիքն է օգտագործում հայկական իրականության մեջ՝ խաղալով հայ ժողովրդի վախերի, հիշողության և հույզերի վրա։ Եվ հենց այդ պատճառով է, որ դուգինիզմի հայաստանյան հետևորդների ամբողջ հռետորաբանությունը կառուցված է մեկ բառի շուրջ՝ «թուրք»։
Որքանո՞վ է արդյունավետ այս մանիպուլացիան։ Ցավոք, այն դեռ շարունակում է ազդել հասարակության որոշ շերտերի վրա, քանի որ դրան գումարվում են տասնամյակներով ձևավորված կրթական համակարգի մեջ արմատացած մտածողությունն ու գաղափարական կաղապարները։
Այս պատկերը ներկայացվեց հայկական դիտանկյունից, սակայն նույն խնդրի առաջ կանգնած են նաև խորհրդային կայսրությունից անկախացած մյուս ժողովուրդները։ Մի տեղում դա արտահայտվում է լայնածավալ պատերազմով, մեկ այլ դեպքում՝ տնտեսական ճնշումներով, իսկ երրորդում՝ հիբրիդային ու տեղեկատվական գրոհներով։ Եվ այս ամենը խորանում է, քանի որ Ռուսաստանը ավելի ու ավելի է խրվում իր իմպերալիստական պատկերացումների ու ծավալապաշտական ձգտումների մեջ։
Առաջիկա հայկական ընտրությունները դառնալու են այս պայքարի առանցքային հարթակներից մեկը։ Սամվել Կարապետյանը, որպես ռուսական էմիսար, իջեցվել է հայկական քաղաքական դաշտ՝ որպես գործիք ընդդեմ հայկական պետականության։
Հայաստանցի ընտրողը կանգնած է վճռորոշ ընտրության առաջ․ հարվածե՞լ սեփական երկրի սուվերենությանը, թե՞ պաշտպանել այն։
Ահա սա է ընթացող գործընթացների համառոտ, բայց բովանդակային քաղաքական նկարագրությունը։ Մնացած բոլոր խնդիրները դրա ուղիղ հետևանքներն են»։
![]()