![]()
ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում անդրադարձել է Վարդան Օսկանյանի՝ ԹՐԻՓՓ-ի վերաբերյալ վերջին հայտարարություններին։
«Օսկանյանն է կրկին խոսել: Քննադատել է օրերս ԱՄՆ-ում TRIPP-ի շուրջ ձեռքբերված համաձայնությունները:
«Որքան ապաշնորհ ու անտեղյակ պետք է լինել միջազգային հարաբերություններում, որքան անլեզու պետք է լինել, որպեսզի Հայաստանի ռազմավարական մարզի տարածքով, Հայաստանի ինքնիշխանության հաշվին, Ադրբեջանի երկու հատվածները կապող միջանցքը 46 տարի ժամկետով հանձնվի երրորդ երկրի տնօրինությանը»,- ասում է Օսկանյանը:
Իսկ որքա՞ն ապաշնորհ ու անտեղյակ, որքան անլեզու պետք է լինել հաղթանակած վիճակում Հայաստանի ռազմավարական մարզի ամենառազմավարական մի ամբողջ շրջանը թշնամուն հանձնելու և դրանով Հայաստանը-Իրան սահմանը «ջնջելու» շուրջ բանակցել համաձայնելու համար: Որքան ապաշնորհ և անլեզու պետք է լինել ֆիզիկական անվտանգության ապահովման հրամայականով պայմանավորված ինքնորոշման իրավունքը պրիմիտիվ տարածքային վեճի վերածելու համար: Որքան ապաշնորհ և անլեզու պետք է լինել Լեռնային Ղարաբաղին բանակցային սեղանից դուրս թողնելու և Հայաստանի Հանրապետությունը կոնֆլիկտի հիմնական կողմ կարգելու համար: Որքան ապաշնորհ և անլեզու պետք է լինել «զուգարանն օկուպացնելու» համար:
Մեր ժողովրդի հաղթանակը մսխած և բանակցություններում ունեցած մեր խաղաթղթերը կտոր կտոր հանձնած սույն պարոնը շարունակում է . «Հայաստանը համաձայնել է Ադրբեջանին տրամադրել անխոչընդոտ և անխափան հաղորդակցություն Նախիջևանի հետ։ Ուստի այս նախագծի ողջ նպատակն ու իմաստը Ադրբեջանին միջանցք տրամադրելն է»։
Այս խոսքերն ասում է մի մարդ, որը բանակցել էՔի վեսթի փաստաթուղթը, ինչով առ այսօր անսահման հպարտանում է: Մի փաթեթ, որն Ադրբեջանը Նախիջևանին կապող սուվերեն միջանցք էր նախատեսում, թեկուզ օդային: Երևի Օսկանյանը կարծում է, որ այն, ինչ օդում է, այլ՝ ոչ գետնի վրա, Հայաստանի տարածք չէ: Բայց սա էլ մի կողմ: Եթե անխոչընդոտ հաղորդակցությունը միջանցք է, ապա, Մադրիդյան սկզբունքները ստորագրելով, Օսկանյանը և յուր շեֆը միջանցք են տվել Ադրբեջանին դեռևս 2007 թվականին, «պանծալի հաղթանակի» տարիներին: Էլ չխոսեմ անկախության հանրաքվեն ուրանալու, և անորոշ ապագայում նոր հանրաքվե կազմակերպելուն համաձայնվելու մասին:
«Այս միջանցքը Հայաստանին, իսկ մեծ հաշվով նաև ԱՄՆ-ին, ոչինչ չի տալու»,- պնդում է Օսկանյանը՝ հիմա էլ կարծելով, թե ավելի լավ է հասկանում ԱՄՆ-ի շահերը, քան պաշտոնական Վաշինգթոնը:
Էլեմենտար պարկեշտություն և ամոթ ունենալու պարագայում Օսկանյանը պետք է ընդմիշտ լռեր, ամաչեր այն «դիվանագիտական աղետի» համար, որ մեր գլխին բերել է։ Բայց հավակնում է Հայաստանին վերագրել էպիտետներ, որոնք միայն իրեն են վերագրելի: Մարդ, որի ողորմելիության ինդեքսը նույնիսկ 26 չէ: Զրո է: Նոլյ բեզ պալըչկի»,- գրել է նա:
![]()