Ե՞րբ կսկսվի Մեծ պահքը և ե՞րբ կնշվի Սուրբ Հարության տոնը

Ինչպես փոխանցում է Iravaban.net-ը, 2026 թվականին Հիսուս Քրիստոսի հրաշափառ Հարության տոնը կնշվի ապրիլի 5-ին։

Ի՞նչ նշանակություն ունի տոնը

Հիսուս Քրիստոսի հրաշափառ Հարության տոնը հայտնի է նաև որպես Զատիկ, որը նշանակում է զատում, բաժանում, հեռացում մեղքերից և վերադարձ առ Աստված։ Զատիկը Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու հինգ տաղավար տոներից մեկն է։

Ե՞րբ կմեկնարկի Մեծ պահքը

Մեծ պահքը 2026 թվականին կմեկնարկի փետրվարի 16-ից։

Քանի՞ օր է տևում Մեծ պահքը

Մեծ պահքի շրջանը տևում է 48 օր՝ Բուն Բարեկենդանից մինչև Ս․ Հարության տոնի նախօրեն։

Ինչո՞ւ 48 օր

Պահքի 40 օրը խորհրդանշում է անապատում Քրիստոսի քառասնօրյա աղոթքի, ծոմապահության և ապաշխարության շրջանը: Իսկ քառասնօրյա պահքին հաջորդում է պահոց ևս մեկշաբաթյա շրջան` Ավագ շաբաթը:

Ո՞րն է պահքի նպատակը

Պահքը կամ ծոմապահությունը ներանձնական վիճակ է, և այն պետք չէ կատարել ի ցույց մարդկանց, այլ ի փառս Աստծո: Պահքի նպատակն է մեր մարմինը վարժեցնել սակավապետության, որպեսզի հարստացնենք մեր հոգևոր կյանքը: Եթե մեկն ինքնանպատակ է պահք պահում, այսինքն` փառասիրության, կեղծավորության կամ էլ նիհարելու համար, ապա այն Աստծուն ընդունելի չէ, որովհետև ապաշխարության նպատակով չէ:

Մեծ պահքի կիրակիները 6-ն են

Մեծ պահքն ընդգրկում է վեց կիրակիներ, որոնք կապված են աստվածաշնչյան վեց պատմությունների հետ: Այս կարգը սահմանել են Հակոբոս Տյառնեղբայրը (I դար) և Կյուրեղ Երուսաղեմացին (IV դար): Այդ կիրակիները Բուն բարեկենդանը, Արտաքսման, Անառակի, Տնտեսի, Դատավորի, Գալստյան կիրակիներն և Ծաղկազարդի տոնը և միասնաբար կազմում են «ոսկե շղթա»:

Նշենք նաև, որ Մեծ Պահքը կիսվում է միջինքով։ Այդ օրը Պահքը չեն ընդհատում: Ժողովրդական սովորության համաձայն` այդ օրը բաղարջից պահոց գաթա են պատրաստում:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ