![]()
TRIPP նախագծի շրջանակում կներդրվեն սահմանային և մաքսային հսկողության բարձր տեխնոլոգիաներ, դրանք կկիրառվեն նաև հանրապետության մյուս սահմանային կետերում, ներառյալ «Զվարթնոց» օդանավակայանում: Այս մասին վարչապետ Նիկոլ Փաշինյանը ասել է տեղեկատվական տեխնոլոգիաների, արհեստական բանականության (ԱԲ), հեռահաղորդակցության և տեխնոլոգիական այլ ուղղությունների ներկայացուցիչների հետ ոչ ֆորմալ հանդիպման ժամանակ։ Այս համատեքստում վարչապետը կարևորել է նաև բիոմետրիկ անձնագրերի համակարգի ներդրումը:
Հաջորդիվ երկրի ղեկավարը խոսել է կառավարման արդյունավետության բարձրացման, կարգավորման ազդեցության գնահատման ինստիտուտի զարգացման գործում արհեստական բանականության ներդրման կարևորության մասին:
Վարչապետն ընդգծել է, որ տեխնոլոգիական ոլորտի զարգացումը հնարավոր չէ առանց կրթության ոլորտի զարգացման: «Հետևաբար այն, ինչ մենք իրականացնում ենք հանրակրթության ոլորտում, նախադպրոցական կրթության, մասնագիտական կրթության, բուհական և հետբուհական ոլորտներում, այդ ամենը տեխնոլոգիաների մասին է»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:
Քննարկված հարցերի շարքում էին ԱԲ ոլորտում սպասվող քաղաքականությունը, պետության տնտեսական աճի դոկտրինում ԱԲ, բարձր և տեղեկատվական տեխնոլոգիաների դերը, չափելի նպատակները, ինչպես նաև ոլորտում կրթական բարեփոխումները, կադրերի վերապատրաստումը և նոր մասնագետների զարգացումը։
![]()