![]()
Սամվել Կարապետյանի եղբոր որդին՝ Նարեկ Կարապետյանն ասել է․ «Մեր հաղթանակի դեպքում երկրի նոր վարչապետը ընդամենը մեկ դրամ աշխատավարձ է ստանալու»։
Երբ քաղաքական գործիչը կամ նրան սպասարկող խոսնակը հայտարարում է, թե «մեր հաղթանակի դեպքում երկրի վարչապետը աշխատավարձ կստանա ընդամենը մեկ դրամ», դա ոչ թե պարզ զոհողություն կամ հայրենասիրություն է, այլ դասական ու էժանագին պոպուլիզմ։ Դա քաղաքական մտածողության բացակայության դրսևորում է։
Պետության ղեկավարի աշխատավարձը խորհրդանշական ժեստ չէ։ Այն ինստիտուցիոնալ գործիք է, որը պետք է ապահովի պաշտոնատար անձի անկախությունը, հաշվետվողականությունը և թափանցիկությունը։
Վարչապետ, որը «մեկ դրամ» է ստանում, իրականում վարչապետ չէ, որը ապրում է իր պաշտոնի սահմաններում։ Մեկ դրամ աշխատավարձ ստացող վարչապետը ապրելու է հանրությունից թաքնված աղբյուրներով։ Այլընտրանք չկա։
Եվ այստեղ է սկսվում խնդրի ամենավտանգավոր հատվածը։ Մեկ դրամ աշխատավարձ ստացող վարչապետը չի նշանակում ազնիվ վարչապետ։ Դա նշանակում է վարչապետ, որի եկամուտները գտնվում են պետական վերահսկողությունից դուրս։ Դա նշանակում է վարչապետ, որը պարտավոր է այլ կենտրոնների, այլ հովանավորների, այլ շահերի։ Իսկ սա արդեն կոռուպցիայի ոչ թե ռիսկ է, այլ ուղիղ հրավեր։
Պոպուլիզմը միշտ աշխատում է նույն մեխանիզմով․ հասարակությանը առաջարկվում է պարզ, զգացմունքային, գեղեցիկ փաթեթավորված միտք, որը իրականում քանդում է պետական համակարգի հիմքերը։ «Ես փող չեմ ուզում», «ես ձեր համար եմ աշխատում», «ես ձեր համար եմ զոհվում»։ Բայց պետությունը չի կառավարվում հուզական կարգախոսներով։ Պետությունը կառավարվում է կանոններով, ինստիտուտներով և հաշվետու պաշտոնյաներով։
Եթե վաղը վարչապետը հայտարարի, որ աշխատավարձ չի ստանում, հաջորդ հարցը պետք է լինի՝ իսկ ինչո՞վ է ապրում։ Ո՞վ է վճարում նրա անվտանգության, կեցության, ընտանիքի ապրելու համար։ Ո՞վ է ֆինանսավորում նրա քաղաքական գործունեությունը։ Եվ ինչու՞ այդ ամենը չի արտացոլվում պետական հաշվետվություններում։
Նարեկ Կարապետյանի հայտարարությունը վտանգավոր է նաև մեկ այլ պատճառով։ Վարչապետն այն մարդը չէ, որը պետք է հերոսաբար «սոված» աշխատի։ Նա պետք է լինի լավ վարձատրվող, անկախ և խիստ վերահսկվող պաշտոնյա, որպեսզի չունենա գայթակղություն իր լիազորությունները փոխանակելու այլ եկամուտների հետ։
Պատմությունը բազմիցս ցույց է տվել՝ ամենավտանգավոր ղեկավարները հենց նրանք են եղել, ովքեր հայտարարում էին, թե «իրենց փող պետք չէ»։ Այդ հայտարարության հետևում գրեթե միշտ թաքնված է եղել ստվերային ֆինանսավորում, օլիգարխիկ կապեր կամ արտաքին ազդեցություն։
Եվ վերջապես՝ այս ամենը նաև հասարակության նկատմամբ անհարգալից վերաբերմունք է։ Հանրությանը ներկայացնել «մեկ դրամանոց» վարչապետի գաղափարը նշանակում է ենթադրել, որ մարդիկ չեն հասկանում տարրական պատճառահետևանքային կապերը։
Եթե իսկապես կա ցանկություն պայքարել կոռուպցիայի դեմ, ապա լուծումը ճիշտ հակառակն է․ բարձր, թափանցիկ աշխատավարձեր, խիստ հայտարարագրում, հանրային վերահսկողություն և պատասխանատվություն։ Մնացածը՝ այդ թվում «մեկ դրամանոց» պաթոսը, ոչ թե բարեփոխում է, այլ վտանգավոր խաբկանք։ Պետությունը կրկես չէ, իսկ վարչապետի պաշտոնը ժանգլյորության հարթակ չէ։
Մկրտիչ Իսրայելյան
![]()