![]()
Քրեական ոստիկանության Լոռու մարզային վարչության ծառայողները ստացել էին օպերատիվ տեղեկություն, որ Վանաձորի և Սարամեջ գյուղի բնակիչ 17-ամյա երկու տղաներ տեղադրելու միջոցով իրացնում են թմրամիջոցներ։ Այս մասին հայտնում են ՆԳՆ-ից։
Հունվարի 12-ին՝ ժամը 12։25-ին, Վանաձորի Տիգրան Մեծի փողոցում նրանցից մեկը հայտնաբերվեց և տեղափոխվեց վարչություն։ Խուզարկությամբ նրա պայուսակում հայտնաբերվեց կպչուն ժապավենով չորս փաթեթ և գաղտնի փականով դանակ։
Նախաձեռնվեց քրեական վարույթ, որի շրջանակում կատարված միջոցառման արդյունքում նույն օրը՝ ժամը 16։55-ին, հայտնաբերվեց ու վարչություն տեղափոխվեց նաև 17-ամյա մյուս պատանին։
Հետագա միջոցառումներով պարզվեց, որ վերջինիս թմրամիջոցով փաթեթները տվել է համագյուղացին՝ Սարամեջի բնակիչ մեկ այլ 17-ամյա պատանի։ Նա էլ նույն օրը ձերբակալվեց։
Ըստ պատանիների՝ նրանք իբր գտել են թմրամիջոցով փաթեթները, որոնց մի մասը թաքցրել են Սարամեջ գյուղի սկզբնամասում։
Հունվարի 14-ին կատարված զննությամբ տղաների նշած վայրում հայտնաբերվեց մարիխուանայով 19 փաթեթ։
Դատարանի որոշմամբ նրանցից երկուսի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է վարչական վերահսկողությունը՝ համակցված բացակայելու արգելքի և դաստիարակչական վերահսկողության հետ։
Հիշեցնենք, որ տեղադրման միջոցով թմրանյութերի իրացումն էլ է հանցանք, որին հաջորդում է քրեական պատասխանատվությունը։ Նաև կրկին կոչ ենք անում ծնողներին՝ լինել ուշադիր անչափահասների նկատմամբ, նրանց մշտապես հիշեցնել պատժի անխուսափելիության մասին և հեռու պահել հակաօրինական արարքներից»։
![]()