ՀՀ անձնագրով ո՞ր երկրներ կարելի է այցելել առանց վիզայի. մեր երկիրը բարելավել է դիրքերը «Անձնագրերի ինդեքսում»

Henley & Partners-ը հրապարակել է 2026 թվականի հունվար ամսվա «Անձնագրերի ինդեքսը», որի համաձայն Հայաստանը զբաղեցնում է 71-րդ հորիզոնականը: Մեր երկրի քաղաքացիներն այժմ կարող են առանց նախնական վիզայի այցելել աշխարհի 66 ուղղություն: Համեմատության համար նշենք, որ 2025 թվականի հոկտեմբերյան վարկանիշում Հայաստանը զբաղեցնում էր 76-րդ տեղը, սակայն ուներ առանց վիզայի այցելության ավելի շատ՝ 67 հնարավորություն:

Համաշխարհային վարկանիշի առաջատարը շարունակում է մնալ Սինգապուրը, որի անձնագրով հնարավոր է առանց վիզայի այցելել 192 ուղղություն: Երկրորդ հորիզոնականը կիսում են Ճապոնիան և Հարավային Կորեան՝ 188 ուղղությամբ: 2025 թվականի հոկտեմբերի տվյալների համեմատությամբ առաջատարների ցանկում էլ է նկատվում ցուցանիշների որոշակի անկում. Սինգապուրն այդ ժամանակ ուներ 193, իսկ Հարավային Կորեան՝ 190 ուղղություն:

Ամերիկայի Միացյալ Նահանգները 2026 թվականի սկզբին վերադարձել է լավագույն տասնյակ՝ զբաղեցնելով 10-րդ հորիզոնականը (179 ուղղություն), այն դեպքում, երբ 2025-ի վերջին դուրս էր մնացել այդ ցանկից՝ հայտնվելով 12-րդ տեղում: Ռուսաստանը ներկայումս զբաղեցնում է 46-րդ հորիզոնականը՝ 113 առանց վիզայի ուղղությամբ:

Վարկանիշային աղյուսակի վերջին հորիզոնականներում են հակամարտությունների մեջ գտնվող երկրները: Աշխարհի ամենաթույլ անձնագիրը շարունակում է մնալ Աֆղանստանինը (101-րդ տեղ, 24 ուղղություն), որին նախորդում են Սիրիան (100-րդ տեղ, 26 ուղղություն) և Իրաքը (99-րդ տեղ, 29 ուղղություն):

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ