![]()
«Ես կարծում եմ, որ բոլոր նրանք, ովքեր քննադատում են ինձ՝ իմ ամուսնու հետ երջանիկ լինելու համար, երբեք չեն սիրել ոչ ինձ, ոչ էլ իմ ամուսնուն»:
Այս մասին «Ինստագրամ»-ում գրել է ադրբեջանական գերությունից վերադարձած Վիգեն Էուլջեքչյանի կինը՝ Լինդա Էուլջեքչյանը, որը Լիբանանից ժամանել է Երևան:
«Ես տեսնում էի, թե ինչպես էին բոլորը տոնում տոները, մինչդեռ մենք քնում էինք՝ բարձերի մեջ լաց լինելով։ Ես ոչ մեկին չէի հարցնում, թե ինչու են նրանք տոնում։ Ինձ համար այսօր ես ու ամուսինս վերածնվել ենք և այսքան տառապանքներից հետո մենք իրավունք ունենք տոնելու այդ իրադարձությունը։
Ես երջանիկ եմ և նաև հույս եմ հայտնում, որ բոլորը կվերադառնան իրենց ընտանիքներ։ Հույս ունեմ, որ ձեր կոշտ խոսքերը չեն ազդի, որովհետև Վիգենը տեսնում ու կարդում է դրանք, իսկ ես ուզում եմ, որ նա երջանիկ լինի՝ աշխարհի ամբողջ սիրով շրջապատված»։
Մենք տոնում ենք հանրային վայրում։ Եթե ես չցանկանամ հրապարակել, դա ուրիշ ինչ-որ մեկը կանի։ Ես սիրում եմ ձեզ բոլորիդ և շնորհակալ եմ բանտարկյալների համար արած աշխատանքի համար», — նշել է նա։
Նիկոլ Փաշինյանը տեղեկացրել էր, որ հունվարի 14-ին Գևորգ Սուջյանը, Դավիթ Դավթյանը, Վիգեն Էուլջեքջյանը և Վագիֆ Խաչատրյանը Հակարի կամրջով Ադրբեջանի Հանրապետության համապատասխան մարմինների ներկայացուցիչների կողմից հանձնվել են Հայաստանի Հանրապետության համապատասխան մարմինների ներկայացուցիչներին:
Վիգենի կինը՝ Լինդան, հունվարի 15-ին է Լիբանանից ժամանել Հայաստան:
Հիշեցնենք՝ 44-օրյա պատերազմի ժամանակ գերեվարված լիբանանահայ Վիգեն Էուլջեքչյանի նկատմամբ ազատազրկման ապօրինի որոշում էր կայացվել 2021 թվականի հունիսին՝ շինծու քրեական գործով դատական նիստերից հետո, նա դատապարտվել էր 20 տարվա ազատազրկման:
Լիբանանի քաղաքացին մեղադրվում էր Ադրբեջանի պետական սահմանն ապօրինի հատելու, որպես վարձկան ռազմական բախումներին կամ ռազմական գործողություններին մասնակցելու, ահաբեկչություններ կազմակերպելու համար:
Վիգեն Էուլջեքչյանը գերեվարվել էր Շուշիի մոտ հրադադարի մասին հայտարարությունից մեկ օր անց։ Նրանց կանգնեցրել էին ադրբեջանական զորքերը և ավտոբուսով տեղափոխել Բաքու։ Որոշ ժամանակ անց Լինդան ազատ էր արձակվել, Վիգենը՝ դատապարտվել ազատազրկման:
![]()