Կյանքից հեռացել է ՀՀ վաստակավոր ճարտարապետ Մուրադ Հասրաթյանը

Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամից տեղեկանում ենք՝ կյանքից հեռացել է ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ, ՀՀ վաստակավոր ճարտարապետ, ճարտարապետության դոկտոր, պրոֆեսոր Մուրադ Հասրաթյանը՝ ՀԽՍՀ գիտության վաստակավոր գործիչ, Հայաստանի պատմության թանգարանի տնօրեն Մորուս Հասրաթյանի որդին:

Մուրադ Հասրաթյանը ծնվել է 1935 թվականի հունիսի 20-ին Երևանում:

1958 թվականին գերազանցության դիպլոմով ավարտել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտը՝ ստանալով «ճարտարապետի» որակավորում։

Որպես ավագ ճարտարապետ՝ 1958 թվականին աշխատանքի է անցել նորաբաց Երևաննախագիծ ինստիտուտի Գևորգ Թամանյանի արվեստանոցում։

Նրա նախագծերով Երևանում կառուցվել են բնակելի և վարչական շենքեր, դպրոցներ, Շիրվանզադեի անվան թիվ 21 դպրոցը, նախագծել է Լուկաշինի անվան սովտնտեսության և Քանաքեռ-ՀԷԿ-ի բնակելի ավանների հատակագծերը։

2003 թվականին Մ. Հասրաթյանը ստացել է «Ճարտարապետություն» մասնագիտությամբ պրոֆեսորի գիտական կոչում:

Չափագրել է շուրջ 150 հուշարձան։

Մ. Հասրաթյանն ուսումնասիրել և չափագրել է հայկական գաղթօջախների հուշարձանները, մասնավորապես, Թիֆլիսի հայկական եկեղեցիները և ուսումնասիրության արդյունքները հրատարակել ռուսերեն և ֆրանսերեն։

1964 թվականին նա առաջին անգամ այցելել է Ղարաբաղ՝ դառնալով ոչ միայն ՀՀ ԳԱԱ արվեստի ինստիտուտից ԼՂ այցելած, այլև պատմական Հայաստանի այդ նահանգի ճարտարապետության առաջին հայ պատմաբանը։

Առաջին անգամ չափագրել է Լեռնային Ղարաբաղի տարածքի հայկական միջնադարյան ճարտարապետության արժեքավոր հուշարձանախմբեր Ամարասի վանքը, Դադիվանքը, Խաթրավանքը, Գանձասարի վանքը, Գտչավանքը, բազմաթիվ եկեղեցիներ, այդ թվում՝ Շուշիի նշանավոր Ղազանչեցոց տաճարը։

Առաջինն ուսումնասիրել ու գիտական շրջանառության մեջ է դրել Տաշիրի միանավ, Դդմաշենի, Սարակապի վաղ միջնադարյան հուշարձանները, հետազոտել հայ-բյուզանդական, հայ-վրացական, հայ-իրանական ճարտարապետական առնչությունները:

Նախիջևանում Մ. Հասրաթյանը չափագրել, վերլուծել և գիտական շրջանառության մեջ է դրել բազմաթիվ հուշարձաններ, որոնց թվում Աստապատի Կարմիր վանքը, որը հետագայում ավերվեց Նախիջևանի նոր «տերերի» կողմից և այժմ իր գոյությունը պահպանում է միայն Մ. Հասրաթյանի չափագրություններում և նկարագրություններում։

Հեղինակել է նաև հայոց պատմության քառահատորյակի՝ հայկական ճարտարապետությանը նվիրված բոլոր հոդվածները։

Մ. Հասրաթյանը հեղինակ է մոտ երկու տասնյակ գրքերի, բազմաթիվ բրոշյուրների, հարյուրավոր հոդվածների, թեզիսների, գրախոսությունների և հանրագիտարանային հոդվածների, որոնք լույս են տեսել Հայաստանում, Մոսկվայում, Կիևում, Թբիլիսիում, Փարիզում, Լիոնում, Վիեննայում, Լիսաբոնում, Հռոմում, Վենետիկում, Միլանում, Բոլոնիայում, Նեապոլում, Մոնրեալում, Յոկոհամայում, Անկարայում։

2009 թվականին կերպարվեստի ոլորտում Մ. Հասրաթյանն արժանացել է ՀՀ պետական մրցանակի «Հայ արվեստի պատմություն» կոլեկտիվ հիմնարար աշխատության համար, որտեղ հեղինակել էր հայկական ճարտարապետության պատմությանը նվիրված բաժինները։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ