![]()
Քաղաքագետ Լիլիթ Դալլաքյանի խոսքով՝ շատ հաճախ Թուրքիան հայտարարություններ և քայլեր է անում, որոնք ուղղված են Նիկոլ Փաշինյանի հեղինակության դեմ:
Այս մասին նա ասում է «Հայկական ժամանակ»-ի հետ հարցազրույցում՝ անդրադառնալով իշխանության ընդդիմախոսների, մասնավորապես միլիարդատեր Սամվել Կարապետյանի եղբոր որդու՝ Նարեկ Կարապետյանի այն հայտարարություններին, թե իբր Թուրքիայի արտաքին գործերի նախարարը հայտարարել է, որ աջակցում է ՀՀ գործող իշխանությանը սպասվող խորհրդարանական ընտրություններում:
«Օրինակ՝ սահմանը չի բացում, ինչը մեծ ներդրում կլիներ Փաշինյանի ընտրության հարցում: Ալիևը փախստականների հարցն է բարձրացնում, այսինքն՝ ամեն ինչ էդքան պարզ չէ, և այնպես չէ, որ Նիկոլ Փաշինյանի բոլոր քայլերը բխում են Ադրբեջանի և Թուրքիայի շահերից: Պրիմիտիվ քարոզչություն է, երկակի խաղ, որևէ լուրջ ազդեցություն չի ունենա»,- ասում է Դալլաքյանը:
Ըստ նրա՝ Նիկոլ Փաշինյանը չի ընտրվել, որովհետև ժողովրդի կամքին հակառակ փորձում է Արևմուտքի, Թուրքիայի կամ Ադրբեջանի հետ հարաբերություններ կառուցել, այլ ընտրվել է, քանի որ ժողովուրդն է ցանկանում այդ հարաբերությունների կառուցումը:
Ինչ վերաբերում է Նարեկ Կարապետյանի այն հայտարարությանը, թե եթե իրենք դառնան իշխանություն, իրենց վարչապետը մեկ դրամ աշխատավարձ է ստանալու, զրուցակիցը շեշտում է. «Դե մարդիկ հարուստ են, ժեստ են անում, թե մեզ էդ աշխատավարձը պետք չէ: Չգիտեմ՝ ոնց են հարստացել, բայց ես ասել եմ, որ Սամվել Կարապետյանը ՌԴ-ում լուրջ խնդիրներ ունի բիզնեսների հետ կապված»:
Հնչող այն հայտարարությունները, թե գարնանը ղարաբաղցիները պատրաստվում են հանրահավաքներ անել, քաղաքագետը նկատում է՝ սա Ռուսաստանից թելադրվող օրակարգ է. «Փողոց են դուրս գալու ու ասեն՝ Ռուսաստանը մեզ կփրկի: Մարդկանց հույզերի վրա են խաղալու»:
Քաղաքագետը կարծում է, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցանկանում է երկաթուղին պետականացնել, քանի որ նա ասել է՝ այնտեղ գողություն և կոռուպցիա կա:
Ինչ վերաբերում է ТRIPP-ին, վերջինս նկատում է. «Մենք պատերազմով ստացել ենք այնպիսի իրավիճակ, որ չենք կարող վեր կենալ և պայմաններ թելադրել: Հիմա էլ ընդդիմությունն ասում է՝ տոկոսները դուրներս չի գալիս»:
«Հայկական ժամանակ»-ի տաղավարում Լիլիթ Դալլաքյանը խոսել է նաև Իրանի մասին, որը կարող եք դիտել տեսանյութում:
![]()