![]()
«Քրիստոնեա-ժողովրդավարական» կուսակցության փոխնախագահ Լևոն Շիրինյանի խոսքով՝ Հայաստանի հարցով «քամին միշտ փչում է ԿԳԲ-ից»: Վերջինս նկատի ունի Ռուսաստանի Դաշնությանը:
Այս մասին նա ասում է «Հայկական ժամանակ»-ի հետ հարցազրույցում՝ անդրադառնալով իշխանության ընդդիմախոսների, մասնավորապես միլիարդատեր Սամվել Կարապետյանի եղբոր որդու՝ Նարեկ Կարապետյանի այն հայտարարություններին, թե իբր Թուրքիայի արտաքին գործերի նախարարը հայտարարել է, որ աջակցում է ՀՀ գործող իշխանությանը սպասվող խորհրդարանական ընտրություններում:
«Թուրքիան եթե անգամ ուզենա՝ ՀՀ վարչապետը վերընտրվի, չի ասի, քանի որ դրանով կվնասի: Մենք Թուրքիայի հետ հարաբերությունների կանոնավորման ենք գնում, իսկ ռևանշիստները ուզում են փչացնել դա: Տրամաբանական խաղ է ընտրությունների արդյունքների վրա ազդելու համար: Ինձ թվում է՝ Ֆիդանի մասին նյութը Մարիա Զախարովան է շրջանառության մեջ դրել: Կոնկրետ տեղեկատվական պատերազմ ու պրովոկացիա է»,- նկատում է նա:
Շիրինյանն ասում է՝ Նարեկ Կարապետյանը զոռով ուզում է քաղաքական գործիչ դառնալ. «Կարմիր գիծ, սպիտակ գիծ, ինչ ուզում է լինի, խախտելու են: Ժողովրդավարությունն օգտագործվում է հակաժողովրդավարության համար: Մամուլը չպետք է դառնա հրոսակախմբի նման ինչ-որ մի բան»:
Ինչ վերաբերում է Նարեկ Կարապետյանի այն հայտարարությանը, թե եթե իրենք դառնան իշխանություն, իրենց վարչապետը մեկ դրամ աշխատավարձ է ստանալու, զրուցակիցը շեշտում է. «Պոպուլիզմ է, ժողովուրդը նման բաներ շատ է տեսել՝ Լևոն Տեր-Պետրոսյանի ֆոկուսները, Քոչարյանի ընտրությունները, Սերժի տոկոս խփելը, էլ ո՞նց կհավատանք նման բաների: Մեկդրամանոց վարչապետն ո՞ւմ է պետք»:
Անդրադառնալով Ադրբեջանից հայրենիք վերադարձած քաղաքացիներին՝ Լևոն Շիրինյանը նկատում է. «8 հոգու (-խմբ. նկատի ունի Ղարաբաղի նախկին ռազմաքաղաքական ղեկավարությանը) Ռուսաստանն է Ադրբեջանին գերի հանձնել: Պուտինը տվել է, Զատուլինը կբերի: Աղմուկի իմաստը չեմ հասկանում, ահաբեկչին պահում ենք՝ ինչ անեք»:
Առավել մանրամասն՝ տեսանյութում:
![]()