![]()
ՊԵԿ-ից տեղեկացնում են, որ կեղծ ալկոհոլային խմիչքներ և կեղծ ակցիզային դրոշմանիշերով ծխախոտային արտադրանքներ են հայտնաբերվել հայաստանյան շուկայում:
Այսպես․ ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչություն օպերատիվ տեղեկություններ էին ստացվել, որ ՀՀ տարածքում շրջանառվում են կասկածելի արտադրության ալկոհոլային խմիչքներ և ծխախոտային արտադրանքներ։
«2025 թվականի դեկտեմբեր ամսվա ընթացքում մայրաքաղաքում և hանրապետության տարբեր մարզերում վարչությունն իրեն վերապահված գործառույթների շրջանակում Ներքին անվտանգության և Մաքսանենգության դեմ պայքարի վարչության աշխատակիցների հետ համատեղ մշակել և ձեռնարկել է լայնածավալ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ ալկոհոլային խմիչքների, ծխախոտային արտադրանքների արտադրության և վաճառքի ոլորտներում հանցավոր սխեմաների գործունեություն իրականացնողներին բացահայտելու նպատակով։
Ձեռնարկված համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում հայտնաբերվել են ակնհայտ կեղծ ակցիզային դրոշմանիշերով և նույնականացման միջոցներով ստվերում շրջանառվող 844 շիշ կեղծ ալկոհոլային խմիչք, 46 հազար 720 տուփ տարբեր տեսակի ծխախոտային արտադրանք և 372 հատ էլեկտրոնային ծխախոտ։
Բացի այդ՝ նախատոնական օրերին ՀՀ ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչության աշխատակիցներն ուսումնասիրել են սոցիալական հարթակներում ալկոհոլային խմիչքների և ծխախոտային արտադրանքների վաճառքի հայտարարությունները, որից հետո ձեռնարկվել են համապատասխան օպերատիվ-հետախուզական միջոցառումներ։
Հայտնաբերվել են ապօրինի ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվող 7 ֆիզիկական անձի կողմից, առանց ակցիզային դրոշմանիշերի և նույնականացման միջոցների, ալկոհոլային խմիչքների վաճառքի դեպքեր։ Իրավախախտման դեպքերով կազմվել են համապատասխան արձանագրություններ, և հարուցվել են վարչական վարույթներ։ Արձանագրված մոտ մեկ տասնյակի հասնող դեպքերով ՀՀ ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչությունում ներկայում վերլուծվում և ուսումնասիրվում են հավաքված նյութերը, որից հետո ՀՀ Քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածներով առերևույթ հանցագործության հատկանիշներով հաղորդումներ կներկայացվեն ՀՀ քննչական կոմիտե։
Ալկոհոլային խմիչքներ և ծխախոտային արտադրանքներ իրացնողներին ՀՀ պետական եկամուտների կոմիտեն հորդորում է պարտադիր դրոշմավորման ապրանքներն իրացնել բացառապես օրենսդրությամբ սահմանված ընթացակարգով և զերծ մնալ անօրինական գործունեություն իրականացնելու մտադրությունից, հարկեր չվճարելու դիտավորությամբ չփորձել հանցավոր մեթոդներով իրականացնել ձեռնարկատիրական գործունեություն։
Ալկոհոլային խմիչքներ վերավաճառողներին կոմիտեն հորդորում է վերավաճառքի նպատակով չգնել և չվաճառել անհայտ ծագումով և շուկայականից էականորեն ցածր գներով ալկոհոլային խմիչքներ և ծխախոտային արտադրանքներ։ Գնումների ընթացքում մատակարարներից պարտադիր պահանջել հաշվարկային փաստաթղթեր։ Կարևոր է՝ վաճառքի կետերում ալկոհոլային խմիչքներ և ծխախոտային արտադրանքներ գնելուց առաջ սպառողներն ուշադրություն դարձնեն նմանատիպ խմիչքների և ծխախոտների վաճառքի գներին, E-MARK հավելվածի միջոցով սկանավորեն նույնականացման միջոցները՝ համոզվելու՝ արդյոք ապրանքը ենթակա՞ է վաճառքի, որպեսզի չգնեն անհայտ ծագում ունեցող խմիչքներ։ ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչությունը շարունակում է անհրաժեշտ միջոցառումներ ձեռնարկել ոչ միայն կատարված հանցագործությունների բացահայտման, այլև դրանք կանխելու ուղղությամբ, այդ թվում՝ կեղծ, ինքնարժեքից և շուկայական գներից ցածր արժեքներով ստվերային շրջանառվող ամբողջ խմբաքանակները շրջանառությունից դուրս բերելու ուղղությամբ։ Նշենք, որ իրականացված միջոցառումների ընթացքում ամբողջ խմբաքանակը դուրս է բերվել շրջանառությունից։
Վարչությունը հետևողական է դրանց հանցավոր մեխանիզմներին, ինչպես նաև դրանց կազմակերպիչներին բացահայտելու և նմանատիպ արատավոր երևույթներն արմատախիլ անելու գործում»,- ասվում է հաղորդագրության մեջ:
![]()