![]()
«Հայկ Սարգսյանը գիտի՝ ինչու ենք մերժել իր բողոքը: Ցավում եմ, որ ասում է, թե պարզաբանում չի ներկայացվել իրեն»:
Այս մասին Ազգային ժողովում ճեպազրույցի ժամանակ ասել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ անդրադառնալով ավելի վաղ պատգամավոր Հայկ Սարգսյանի արած հայտարարությանը, որ ինքը ՔՊ ընտրական ցուցակում չի լինի, իր թեկնածության առաջադրումը մերժել են, ու չի պարզաբանվել պատճառների մասին:
«Իրեն, ինչպես մնացածին, շատ մանրամասն ներկայացվել է պատճառը: Ասեմ ավելին՝ մնացածին այդպես մանրամասն չի ներկայացվել, ինչպես իրեն՝ որպես գործընկեր»,- ասել է Սիմոնյանը:
Հարցին՝ այդքան լուրջ պատճա՞ռ է եղել, Սիմոնյանն ասել է՝ չի պատրաստվում գնահատական տալ:
«Եթե լուրջ չլիներ, դրա առիթը չլիներ, նման որոշում չէր կայացվի: Այն խոսակցությունները, թե իբր իմ և Հայկ Սարգսյանի միջև խնդիր կա, ճիշտ չեն: Ես հասկանում եմ, որ ով, երբ, որտեղ, ինչ հարցնում է, փորձում է իմ հետ կապված ինչ-որ խնդիր գտնել, ինքն էլ, ցավոք, չի ասում, որ, չէ՛, դա չէ խնդիրը: Հույս ունեմ՝ կնայի այս հարցազրույցը: Ես չէի կարող այդ պատճառը լինել, և ընդհանրապես ես չեմ պատճառը»,- նշել է նա:
Սիմոնյանը նաև հայտնել է, որ ինքը և Հայկ Սարգսյանը բացարձակ որևէ շփում չունեն:
![]()