![]()
Հունվարի 13-ին ավտոմեքենայի թալանման հերթական դեպքն է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 20։25-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Ավանի բաժնում տեղեկություն է ստացվել, որ Ծարավ Աղբյուր փողոցի շենքերից մեկի բակում ավտոմեքենա են թալանել։
Shamshyan.com-ի հաղորդմամբ, ոստիկանության Ավանի բաժնի ծառայողներին Երևանի բնակիչ 46-ամյա Կամո Ա․-ն հայտնել է, որ հունվարի 10-ի ժամը 20։30-ից մինչև հունվարի 12-ի ժամը 07։40-ն ընկած ժամանակահատվածում իրենց շենքի դիմաց կայանված իրեն պատկանող «Chevrolet» մակնիշի ավտոմեքենայից գողացել են կողային հայելիների ապակիները՝ դիմապակուն թողնելով «@asus 767» տելեգրամյան գրառումը։
Ոստիկանության Ավանի բաժնի ծառայողների կողմից ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ հանցագործությունը կատարել են Երևանի բնակիչներ 20-ամյա Լևոն Գ․-ն և 19-ամյա Նարեկ Գ․-ն, ովքեր ոստիկանության Ավանի բաժնի ծառայողների կողմից հայտնաբերվել և ձերբակալվել են։ Դեպքի փաստով ոստիկանության Ավանի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք Լևոն Գ․-ի և Նարեկ Գ․-ի հետ միասին ներկայացվել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժին։
Սկզբնաղբյուրի տեղեկություններով Կամո Ա․-ն աշխատում է ՀՀ Շրջակա միջավայրի նախարարությունում, որպես մասնագետ։
![]()