ՎագիՖ Խաչատրյանի դուստրը հոր առողջական վիճակի վերաբերյալ նոր գրառում է արել

Բաքվի բանտից հունվարի 14-ին վերադարձած և հոսպիտալացված ՎագիՖ Խաչատրյանի դուստրը՝ Վերա Խաչատրյանը, սոցցանցի իր էջում նոր գրառում է արել հոր առողջական վիճակի վերաբերյալ:

«Սիրելի ընկերներ, ծանոթ ու անծանոթ բարեկամներ,

անսահման երախտապարտ եմ ճակատագրին, որ իմ կյանքի ճանապարհին ունեմ ձեզ։ Ձեր սերն ու աջակցությունն էին, որ լուսավորեցին խավար դարձած օրերս և ուժ տվեցին հասնելու այս լուսավոր պահին։

Խնդրում եմ ներել, որ այս պահին չեմ կարողանում պատասխանել ձեր ուղարկած հարյուրավոր նամակներին։ Խոստանում եմ՝ յուրաքանչյուր բառ կկարդամ անձամբ, հայրիկիս կողքին նստած, և յուրաքանչյուրիդ կպատասխանեմ անհատապես։

Ուզում եմ տեղեկացնել, որ հայրիկիս առողջական վիճակը այս պահին գնահատվում է բավարար։ Նա ևս իր խորին շնորհակալությունն ու ջերմ բարևներն է փոխանցում ձեզ բոլորիդ։

Երանի ինձ՝ ձեզ ունենալու համար»։

Հիշեցնենք՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունվարի 14-ին տեղեկացրել էր, որ Գևորգ Սուջյանը, Դավիթ Դավթյանը, Վիգեն Էուլջեքջյանը և Վագիֆ Խաչատրյանը Հակարիի կամրջով Ադրբեջանի համապատասխան մարմինների ներկայացուցիչների կողմից հանձնվել են Հայաստանի Հանրապետության համապատասխան մարմինների ներկայացուցիչներին:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ