![]()
ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում հրապարակել է «Իմ քայլը» հիմնադրամի տեղեկատվությունը լրագրողական դասընթացների վերաբերյալ՝ հույս հայտնելով, որ լրագրողները կօգտվեն այդ հնարավորությունից:
«Սիրելի՛ լրագրողներ, այդ թվում՝ ըմդդիմադի՛ր լրագրողներ,
Հուսով եմ` «կապրիզներ» չեք անի ու կօգտվեք այս հնարավորությունից։ Վստահ եղե՛ք՝ այսօրվա խմբագրությունները ձեզ ապագա չեն. լավ կրթությունն է միակ երաշխավորված ապագան։ Ուշադիր կարդացե՛ք այս տեքստը, հետևե՛ք «Իմ քայլը» հիմնադրամի հետագա հայտարարություններին և հենց այսօրվանից աշխատե՛ք ձեր անգլերենի վրա»,- գրել է Հակոբյանը:
«Իմ քայլը» հիմնադրամի հաղորդագրության համաձայն՝ շարունակելով իր հանձնառությունը կրթության, մասնագիտական զարգացման և կարողությունների շարունակական կատարելագործման նկատմամբ, «Կրթվելը նորաձև է» շարժման աջակից ծրագրի «Հնարավորությունների հարթակ» նախագծի շրջանակում իրականացնում է հերթական միջազգային կրթական նախաձեռնությունը՝ ուղղված լրագրողներին և հաղորդակցության միջոցների մասնագետներին։
«Վերոնշյալ նախաձեռնության շրջանակում լրագրողներ Մերի Խաչատրյանն ու Ծաղկանուշ Միրզոյանը՝ Հայաստանի հանրային հեռուստաընկերությունից, առաջինն են, որ հունվարի 18-ից 22-ը մասնակցելու են «Blackbird Training Centre» ընկերության կողմից կազմակերպվող «Media & Public Relations» միջազգային մասնագիտական վերապատրաստման դասընթացին, որը կայանալու է Եգիպտոսի Շարմ Էլ Շեյխ քաղաքում։
Մեկնելուց առաջ լրագրողները այցելել են «Իմ քայլը» հիմնադրամ, որտեղ հիմնադրամի փոխտնօրեն Թալին Թօփալաքեանը զրուցել է նրանց հետ, ներկայացրել հնգօրյա վերապատրաստման դասընթացի օրակարգը՝ մաղթելով արդյունավետ և բովանդակալից մասնակցություն, ինչպես նաև նրանց է փոխանցել հիմնադրամի գործադիր տնօրեն Աննա Հակոբյանի ուղեցույցը, որը ավանդաբար տրամադրվում է միջազգային այցերի մասնակիցներին։
Կարևորելով անկախ, բազմակարծ և բարձրակարգ մեդիայի դերը հասարակության զարգացման գործընթացում՝ պարբերաբար շարունակելու ենք միջազգային կազմակերպությունների հետ համագործակցաբար ֆինանսավորել նմանատիպ դասընթացներին մասնակցությունը՝ ապահովելով հավասար հնարավորություններ լրատվության ոլորտի մասնագետների համար՝ անկախ նրանց քաղաքական կամ գաղափարական դիրքորոշումներից։
Միջազգային վերապատրաստման դասընթացների մասնակցության հայտագրումը կմեկնարկի առաջիկայում։ Այս բացառիկ հնարավորությւնը բաց չթողնելու համար խնդրում ենք հետևել «Իմ քայլը» հիմնադրամի պաշտոնական հարթակներին և հայտարարություններին: Դիմորդները հնարավորություն կունենան նշել, թե հատկապես որ մասնագիտական հմտություններն են ցանկանում զարգացնել, որի հիման վրա միջազգային գործընկեր կազմակերպությունների հետ համատեղ կմշակվեն համապատասխան վերապատրաստման դասընթացների ծրագրերը»,- ասվում է հաղորդագրության մեջ:
![]()