Ներդրվել է վարձատրության նոր ինստիտուտ. Փաշինյանը՝ իր և պաշտոնյաների պարգևատրումների մասին

«Ներդրվել է կատարողականի հիման վրա վարձատրության նոր համակարգ, որի ներդրումն ունի մի քանի նպատակ»։

Այս մասին լրագրողների հետ զրույցում անդրադառնալով ՀՀ կառավարության անդամների պարգևավճարներին՝ ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Ըստ նրա՝ դրանցից մեկն է Կառավարության գործունեության և նրա ծրագրի իրականացումը դարձնել առավել արդյունավետ:

«Սա 2018 թվականից իրենց որդեգրած «զրո կոռուպցիա և զրո հանդուրժողականություն կոռուպցիայի նկատմամբ» քաղաքականության գործնական շարունակությունն է: Մենք որդեգրել ենք անբասիր և որևէ ազդեցությունից զերծ պաշտոնյայի տեսլականը և այն իրականացնելու, կառավարության աշխատանքի արդյունավետությունը բարձրացնելու համար մենք համարում ենք այդ որոշումն անհրաժեշտ»,- ասել է նա:

Վարչապետը հավելել է, որ պետական համակարգում մրցունակությունը շարունակաբար պետք է բարձրացնել, քանի որ պետական համակարգից որակյալ աշխատողների արտահոսք կա դեպի մասնավոր:

«Մենք ռազմավարություն ենք որդեգրել, որ ՀՀ-ում կրթվելը և կրթությունը պետք է դառնա ապրելակերպ, և մենք պետական պաշտոնյաներին պարտադրում ենք, որ իրենք իրենց մասնագիտական որակավորումները բարձրացնելու ուղղությամբ աշխատեն։ Իսկ դրանք որոշակի ֆինանսական ծախսեր են։ Կար գաղափար, որ դա բյուջեով նախատեսեինք, բայց մենք հիմա այս համակարգում ներդրել ենք և վարձատրության մի մասը պետք է ծախսվի մասնագիտական հմտությունները զարգացնելու վրա»,- ասել է Կառավարության ղեկավարը և նշել, որ այդ ամենի արդյունքում պետական համակարգի աշխատանքն ավելի արդյունավետ է դառնալու։

Վարչապետն առանձին անդրադարձել է նաև սեփական անձին:

«Ինչ վերաբերում է ինձ, ապա ես նախկինում այդ համակարգից երբեք չեմ օգտվել, բայց սա այն դեպքն է, երբ մենք ինստիտուցիոնալ համակարգ ենք ներդնում։ Եթե դա նախկինում եղել է վարչապետի որոշմամբ, հիմա մենք ներդնում ենք մի համակարգ, որն առաջին պիլոտային շրջանն անցնելուց հետո, պետք է օրենսդրական հավանություն ստանա։ Ես ինքս ինձ չեմ պարգևատրել, պետական որոշման շրջանակներում ես ամսական 1.5 մլն դրամի չափով վարձատրության ավելացում եմ ստացել»,- եզրափակել է վարչապետը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ