Վստահ եղեք՝ դեկտեմբերին էդ հարցն այլևս չի լինի. վարչապետը՝ հեղուկ գազի թանկացման մասին

«Համոզված եղեք՝ այս տարի դեկտեմբերին այլևս չի լինի հեղուկ գազի թանկացման հարցը»:

Այս մասին Կառավարության հունվարի 15-ի նիստի ժամանակ ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով բենզինի գնի էժանացմամբ պայմանավորված հեղուկ գազի թանկացման մասին քննարկումներին:

Խոսելով ամեն տարվա դեկտեմբերին Լարսի ճանապարհի փակման հետ կապված խնդիրների և դրանց հետևանքների մասին՝ Նիկոլ Փաշինյանը ասել է, որ դա ևս լուրջ խնդիր է:

«Դա խնդիր է, որ պետք է լուծվի, ու Հայաստանի Հանրապետությունը մատակարարումների տարբեր ուղիներ ու աղբյուրներ ունենա: Այդտեղ պետք չէ շատ բան փնտրել»,- ասել է նա:

ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հարցի շրջանակում ասել է, որ տեղյակ է խնդրից, նաև գործարարներն են օրեր առաջ այդ մասին ասել:

«Սովորաբար Հայաստան հեղուկ գազ գալիս է երկու հիմնական ուղղությամբ՝ Ռուսաստանի Դաշնություն՝ Վերին Լարսով, և Իրան: Հայտնի հանգամանքներով պայմանավորված՝ երկու ուղղություններով բարդություններ կան՝ մի դեպքում ձյան առատ տեղումներով պայմանավորված, մյուս դեպքում էլ գիտենք:

Բոլոր գործարարներին մեր առաջարկը եղել է հետևյալը՝ ժամանակն է օգտվելու երկաթուղային հաղորդակցությունից: Կարծում եմ, որ առաջիկայում այդ հարցը մեկընդմիշտ կկարողանանք լուծել, որովհետև երկաթուղային հաղորդակցությունը այդպիսի խնդիրների առաջ չի կանգնում, ինչպես Վերին Լարսը»,- մանրամասնել է Պապոյանը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ