Մենք անուն-ազգանունով, հասցեով գիտենք այն ծնողներին, ովքեր հրաժարվում են իրենց երեխային պատվաստելուց. Փաշինյան

«Այս որոշմամբ մենք հաստատում ենք հանրային առողջապահական ամենակարևոր երաշխիքներից մեկը հանդիսացող պատվաստումների ազգային օրացույցը, նաև պատվաստումների վերաբերյալ միջազգային վկայականների տրամադրման ձևաչափը և այն թիրախները, որոնք մեզ համար դնում ենք պահպանելու 0-1 տարեկան երեխաների պատվաստումների ցուցանիշների առումով և վարակիչ-վտանգավոր հիվանդությունների զրոյական դեպքերը պահպանելու մեր այսօրվա իրավիճակը»,- կառավարության նիստում, զեկուցելով 2026-2030 թվականների իմունականխարգելման ծրագիրը հաստատելու մասին հարցը, ասաց Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:

«Վերջին տարիներին ներդրել ենք նոր պատվաստանյութեր, վերջին սերնդի ավելի համակցված վեցավալենտ պատվաստանյութեր, որոնք զերծ են պահում մի քանի անգամ պատվաստվելու խնդրից: Ջրծաղիկի պատվաստանյութը այլևս մեր օրացույցի մաս է կազմում: Վարակիչ հիվանդությունների կանխարգելման առումով պատվաստումների և նաև հանրության մոտ տեղեկատվական աշխատանքն իր պտուղները տալիս է. 2025-ին 0-1 տարեկան երեխաների պատվաստումների ցուցանիշում գրանցել ենք 2011 թվականից ի վեր 95.1 տոկոս, որն ամենաբարձր ցուցանիշն է»,- ասաց նախարարը:

Նախարաը նշեց, որ կա տեղեկատվական ապակողմնորոշման հանգամանք և շատ մեծ ուշադրություն են դարձնում ծնողների հետ աշխատանքին.«Մեր նպատակն է, որ ջրծաղիկի դեմ պատվաստվելուց արդեն կայուն իմունիտետով զորակոչվեն, այս հիվանդացություն առաջացնող և աշխատանքերի շատ մեծ խոչընդոտ հանդիսացող ջրծաղիկի հիվանդությունը մենք այլևս ՀՀ-ում չունենանք ոչ բռնկումներ, ոչ էլ դեպքեր»:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն արձագանքեց.«Ասացիք, որ մինչև 1 տարեկան երեխաների դեպքում պատվաստման թվերը հաջողվում է բարձրացնել, իսկ բնակչության շրջանում պատվաստվածների տեսակարար կշռի առումով մեզ հաջողվու՞մ է առաջընթաց ապահովել, հակաքարոզչությունը պատվաստման դեմ անընդհատ ինչ-որ աղբյուրներ ունի, ժամանակ առ ժամանակ տեսանելի է դառնում»:

«Թիրախային երեք պատվաստումներ ունենք, որ 0-1 տարեկան երեխաների համար ենք՝ ՄՊՊ՝13-16 տարեկան դեռահասների համար կանխարգելում է քաղցկեղը, գրանցել ենք 2025-ին 48 տոկոս ընդգրկվածություն, 2021՝ 10,8 տոկոսի: Հաջորդը գրիպի դեմ պատվաստանյութերի ցուցանիշներն են, այս տարի շատ ավելի վաղ ենք սկել ՝ 200.000 դեղաչափից 95 տոկոսի իրականացրել ենք: Ջրծաղիկի պատվաստումներն իրականացնում ենք նախազորկոչային և զորակոչային տարիքի մեր քաղաքացիների համար: Ունենք 10-ից ավել պատվաստումներ: Երեխաների համար անհատական ծրագիր կա և միշտ տեղյակ են պահվում ծնողները, որ պատվաստման ժամանակն է, յուրաքանչյուր երեխա իր անհատական պլանն ունի և իր կյանքի ընթացքում այն իրագործվում է»,- ասաց նախարարը:

«Սա նշանակում է, որ մենք անուն-ազգանունով, հասցեով գիտենք այն ծնողներին, ովքեր հրաժարվում են իրենց երեխային պատվաստելուց»,- արձագանքեց վարչապետը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ