Երանի բոլորը վերադարձած լինեին. Վագիֆ Խաչատրյանի դուստրը հոր վերադարձի մասին ընկերուհուց է իմացել

Բաքվի բանտից Հայաստան վերադարձած Վագիֆ Խաչատրյանը կտեղափոխեն հիվանդանոց, հավանաբար՝ Նորք-Մարաշ ԲԿ։

Այս մասին լրատվամիջոցների հետ զրույցում ասել են Խաչատրյանի դուստրերը:

Այն, որ հայրն այսօր վերադառնալու է՝ նրանց համար անակնկալ է եղել: Նախապես չեն իմացել: Խաչատրյանի դուստրը՝ Վերան այդ մասին ընկերուհու հեռախոսազանգից է իմացել:

«Զգացողություններս այս պահին փոխանցել չեմ կարող, երջանիկ եմ։ Երանի բոլորը վերադարձած լինեին։ Երբ փորձում էի կարդալ, ուզում էի բոլորի անունները տեսնել, այն ապրումները, որ ունեցա, կուզեի, որ բոլորն ունենան»,- ասել է նա:

Ավելի վաղ Նիկոլ Փաշինյանը տեղեկացրել էր, որ Գևորգ Սուջյանը, Դավիթ Դավթյանը, Վիգեն Էուլջեքջյանը և Վագիֆ Խաչատրյանը քիչ առաջ Հակարի կամրջով Ադրբեջանի Հանրապետության համապատասխան մարմինների ներկայացուցիչների կողմից հանձնվել են Հայաստանի Հանրապետության համապատասխան մարմինների ներկայացուցիչներին:

Արցախցի տղամարդը առևանգվել էր Լաչինի միջանցքից ամռանը, երբ փորձել էր Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ուղեկցությամբ Հայաստան տեղափոխվել բուժման նպատակով։

Բաքուն Վագիֆ Խաչատրյանին կեղծ մեղադրանքներով դատապարտել է 15 տարվա ազատազրկման։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ