![]()
«Համընդհանուր ապահովագրության շրջանակում սահմանափակում է դրված: Պետության կողմից երաշխավորված անվճար հիմունքներով սպասարկվելու է մինչև 8 կանչ: 8-ից ավելի կանչ տվող բուժառուների համար կանչը դառնալու է վճարովի»:
Այս մասին ասուլիսի ժամանակ ասել է «Շտապբուժօգնություն» ՓԲԸ տնօրեն Ռուբեն Գրիգորյանը՝ նշելով, որ կան որոշ բացառություններ՝ ցրտահարություն, դանակահարություն և այլն:
Ըստ նրա՝ 9-րդ կանչի համար գինը սահմանվել է 10 հազար դրամ:
«Վիճակագրություն եմ արել․ Երևան քաղաքի բնակչության շուրջ 99 տոկոսը 2025 թվականին տվել է մինչև 8 անգամ կանչ:
Իմ սուբյեկտիվ կարծիքով՝ շատ ճիշտ որոշում է դա, որովհետև այն բուժառուն, որ 20, 30 և ավելի անգամ կանչ է տալիս, ուրեմն բուժհաստատությունում բուժման կարիք ունի: Նման կանչերի պատճառով իրական, հրատապ, շտապ բուժօգնության կարիք ունեցող մարդկանց կանչերն ուշանում են: Ես միանգամայն կողմ եմ սահմանափակմանը, ինքներս հանդիպումներ ենք ունեցել այդ մարդկանց ու իրենց հարազատների հետ և ասել, որ չի կարելի այդպես անել, ուղղակի կեղծ տվյալներ ներկայացնել, կամ կանչել պարզապես ճնշում չափելու համար»,- նշել է նա:
Գրիգորյանը հավելել է, որ քաղաքացիներին այդ մասին ծանուցել, տեղեկացրել են:
«Օրինակ՝ այսօր 2 բուժառուի ծանուցում ենք ուղարկել, որ 8 կանչը լրացել է, ու 15-օրյա ժամկետում պետք է 10 հազար դրամ վճարեն, տեսնենք՝ ընթացքը ոնց ցույց կտա»,- մանրամասնել է տնօրենը:
![]()