Բենզինն էժանացել է, գնաճը որոշ չափով կզսպվի. տնտեսագետը՝ Ադրբեջանից վառելանյութ ներմուծելու դրական հետևանքների մասին

«Ադրբեջանից բենզինի և ընդհանրապես վառելանյութերի ներմուծումն ազդել է շուկայի գների վրա, դա էլ էականորեն ազդել է ամբողջ տնտեսության վրա»,-Zarkerak.am-ի հետ զրույցում ասաց տնտեսագետ Ալիկ Թորոսյանը:

Նրա խոսքով՝ դա մի քանի դրական էֆեկտ կարող է ունենալ. «Առաջինն այն է, որ բոլոր ոլորտներում գնաճը որոշակի չափով կզսպվի, քանի որ ցանկացած ոլորտում ապրանքների ինքնարժեքի մեջ վառելանյութերի գները մտնում են: Մյուս դրական ազդեցությունն այն է, քանի որ ապրանքների ինքնարժեքները նվազում են, հետևաբար ապրանքների արտահանման ծավալների աճ է սպասվում»:

Թորոսյանի դիտարկմամբ՝ վառելանյութի ներմուծումը ոչ թե անձամբ բենզին գնողի վրա է ազդում, այլ ամբողջ տնտեսության. «Բոլորն էլ օգտվելու են և հնարավորության դեպքում ավելի էժան բենզին են ձեռք բերելու, որպեսզի իրենց ապրանքի ինքնարժեքը նվազեցնեն: Սա էական դրական ազդեցություն արդեն իսկ ունի, այսինքն՝ այդ խնայված գումարը, որ վառելանյութերի վրա էր ծախսվելու, կարող է նոր ներդրումների վրա ծախսվել, կամ բանկերում նոր խնայողություններ առաջացնել»:

Տնտեսագետը խոսեց նաև հնարավոր ռիսկերի մասին. «Շուկայում կարող է անհավասար մրցակցություն առաջանալ և բերել վառելանյութերի շուկայի մոլոպոլացման, այսինքն՝ այն ընկերությունները, որոնք չեն ցանկանում նման վառելանյութ ներմուծել, չեն կարողանա մրցակցել ավելի ցածր գին առաջարկող ընկերությունների հետ, հետևաբար շուկայից դուրս կգան: Ռիսկ է նաև այն, որ կարող է մեծանալ Ադրբեջանից վառելանյութերի ներմուծան տեսակարար կշիռն ընդհանուր ներմուծման մեջ, չնայած սրանից շատ հեռու ենք, սակայն պետությունը պետք է այս առումով քայլեր ձեռնարկի: Էկոնոմիկայի նախարարությունից նշում են, որ հիմնական նպատակը վառելանյութերի ներմուծման դիվերսիֆիկացումն է, սա պետք է լինի քաղաքականության հիմնական հենասյունը»:

Թորոսյանը նաև նշեց, որ գների ավելի նվազում կարող է սպասելի լինել այն դեպքում, երբ ներմուծումն իրականացվի Հայաստանի և Ադրբեջանի անմիջական սահմանով, որը կբերի լոգիստիկ ծախսերի նվազման. «Կարծում եմ՝ այս պահին գործող գները կարճաժամկետում կպահպանվեն, Ադրբեջանից վառելանյութերի ներմուծումն էլ շարունակական կլինի, քանի որ շուկայում դա շատ արագ սպառվեց և գներն էլ շատ ավելի էժան են, քան շուկայում առաջարկվող մյուս գները: Ապաշրջափակումը Հայաստանի տնտեսության հետագա ավելի առաջանցիկ տեմպերով աճելու հնարավորություններից մեկն է»:

Հիշեցնենք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Հայաստանում Premium տեսակի բենզինի նվազագույն գինը նվազել է 15 տոկոսով և նախկին 510 դրամի փոխարեն մեկ լիտրի դիմաց այսօր արդեն 430 դրամ է:

 

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ