![]()
Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը անդրադարձել է ԹՐԻՓՓ նախագծին՝ առանձնացնելով մի քանի հատվածներ։
Նա, մասնավորապես, գրել է. «ԹՐԻՓՓ-ը միտված է Հայաստանի տարածքում անխոչընդոտ, բազմամոդալ տարանցիկ փոխկապակցվածության ստեղծմանը՝ նպաստելով տարածաշրջանային խաղաղությանը, կայունությանը և ինտեգրմանը՝ պետությունների ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և իրավազորության հարգանքի հիման վրա։ Կապելով Ադրբեջանի հիմնական մասն իր Նախիջևանի Ինքնավար Հանրապետության հետ և կենսական օղակ ստեղծելով Տրանս-Կասպյան առևտրային երթուղում՝ ակնկալվում է, որ այն միջազգային և ներպետական փոխկապակցվածության փոխադարձ առավելություններ կստեղծի Հայաստանի Հանրապետության համար։
ԹՐԻՓՓ-ի միջոցով ԱՄՆ-ն ձգտում է.
- օգոստոսի 8-ի Համատեղ հռչակագրի հիման վրա ապահովել առաջընթաց դեպի տևական խաղաղություն,
- տարածաշրջանում խաղաղություն, կայունություն և բարգավաճում խթանելու նպատակով բացել հաղորդակցությունը, առևտուրը և փոխկապակցվածությունը Հարավային Կովկասում,
- ընդլայնել շուկայի հասանելիությունը և մատակարարման կենսական շղթաները Տրանս-Կասպյան տարածաշրջանում,
- աշխարհին ներկայացնել բարգավաճման միջոցով կառուցվող խաղաղության օրինակ։
ԹՐԻՓՓ-ի միջոցով Հայաստանը ձգտում է. - ընդլայնել Հայաստանի դերակատարությունը՝ որպես տարածաշրջանային տարանցիկ ու տնտեսական հանգույց,
- ներգրավել օտարերկրյա ներդրումներ Հայաստանի ենթակառուցվածքներում,
- ստեղծել ժամանակակից սահմանային կառավարման և առևտրի դյուրացման ինստիտուցիոնալ կարողություններ,
- ստեղծել կայուն եկամտային հոսքեր և գնման իրավունքներ Հայաստանի համար,
- ամրապնդել ռազմավարական գործընկերությունն ԱՄՆ հետ,
- նպաստել տարածաշրջանային ինտեգրմանն ու կարգավորմանը,
- ընդլայնել Հայաստանի արտահանման ներուժը դեպի նոր շուկաներ։
ԹՐԻՓՓԻ-ի միջոցով ԱՄՆ ակնկալվող օգուտներն են. - նոր շուկաների բացում ամերիկյան ներդրումների, բիզնեսի ու ապրանքների համար,
- տարածաշրջանում առևտրի համար փոխկապակցվածություն, որը հումք, կարևորագույն հանքանյութեր և հազվագյուտ մետաղներ կբերի ամերիկյան շուկաներ,
- ԱՄՆ, Եվրոպայի և Ասիայի միջև հավելյալ առևտրային ուղիների տարբերակներ՝ ապահովելով, որ մարդիկ և ապրանքները կարողանան տեղաշարժվել՝ անկախ աշխարհաքաղաքական փոփոխություններից։
ԹՐԻՓՓ-ի միջոցով Հայաստանի և Հայաստանի ժողովրդի ակնկալվող օգուտներն են. - զբաղվածություն. աշխատանքի հնարավորություններ Հայաստանի որակավորված քաղաքացիների համար,
- համատեղ ձեռնարկներ. հնարավորություններ միջազգային և hայաստանյան ընկերությունների միջև,
- տեխնոլոգիայի փոխանցում. կարողությունների զարգացում hայաստանյան ընկերությունների համար,
- վերապատրաստում. հմտությունների զարգացում հայաստանյան աշխատուժի համար,
ԹՐԻՓՓ-ը Հայաստանի և ԱՄՆ միջև ռազմավարական գործընկերության խորացման դրսևորում է։ Հայաստանն այս նախագիծը դիտարկում է որպես ենթակառուցվածքների, տնտեսական զարգացման և տարածաշրջանային ինտեգրման համար երկարատև համագործակցության հիմք։
Հայաստանը մտադիր է թույլատրել և աջակցել ԹՐԻՓՓ զարգացման ընկերության հիմնմանը։ Ակնկալվում է, որ ընկերությունը պատասխանատու կլինի ԹՐԻՓՓ-ի զարգացման համար՝ 49 տարի նախնական ժամկետով նրան տրամադրվող կառուցապատման իրավունքով։ Հայաստանը մտադիր է ԱՄՆ-ին առաջարկել ԹՐԻՓՓ զարգացման ընկերության 74% մասնաբաժինը և պահպանել 26% մասնաբաժինը։ Ակնկալվում է, որ այս համագործակցությունը կերկարաձգվի ևս 50 տարով՝ Հայաստանի կառավարությանը հավելյալ սեփականության տրամադրմամբ նրա մասնաբաժինը դարձնելով 49%։
ԹՐԻՓՓ զարգացման ընկերությունում Հայաստանի մասնաբաժինն արտացոլում է նրա ներդրումը հետևյալում՝
- հողօգտագործման (կառուցապատման) իրավունքներ տարանցիկ երթուղիների շրջանակներում,
- գոյություն ունեցող ենթակառուցվածքային ակտիվներ (ենթակա է հետագա քննարկման),
- կարգավորիչ աջակցություն և թույլտվությունների արագ ընթացակարգեր,
- սահմանային և մաքսային ենթակառուցվածքների հետ կապված ոչ դրամական ներդրումներ,
կանխիկ ներդրումներ՝ ըստ անհրաժեշտության։ - Հայաստանը հստակորեն պահպանում է.
- օրենսդիր, կարգավորիչ և դատական իրավազորությունը՝ պայմանավորված Հայաստանի ինքնիշխան տարածքում ԹՐԻՓՓ-ի ողջ ծածկույթի նկատմամբ լիակատար ինքնիշխանությամբ և տարածքային ամբողջականությամբ՝ ներառյալ օրենքներն ու կանոնակարգերը կիրառելու իրավասությունը՝ համապատասխան Հայաստանի ներքին օրենքներին և միջազգային համաձայնագրերին,
- ազգային անվտանգության և իրավապահ գործունեության նկատմամբ վերահսկողությունը,
- ԹՐԻՓՓ-ով առևտրի և տարանցման նկատմամբ մաքսային և սահմանային վերահսկողության իրավազորությունը,
- հարկերի, մաքսային տուրքերի և առևտրի ու տարանցման այլ պարտադիր վճարների նկատմամբ իրավազորությունը,
- Հայաստանի ինքնիշխան տարածքում բոլոր հատվածներ հասանելիությունը,
- Հայաստանի ինքնիշխան տարածքում տարանցիկ երթուղու մասերում բոլոր հայկական օրենքները կիրառելու իրավազորությունը։
ՀԱՏՈՒԿ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Հայաստանի ինքնիշխանությունն ու իրավազորությունը սահմանային և մաքսային գործողությունների նկատմամբ բացարձակ են և անքննարկելի։ Ակնկալվում է, որ սահմանային և մաքսային բոլոր գործունեությունները կիրականացվեն սահմանային կառավարման միջազգայնորեն ճանաչված չափանիշներին համապատասխան՝ պահպանելով օգոստոսի 8-ի հռչակագրի սկզբունքները՝ օգտագործելով «ֆրոնտ օֆիս — բեք օֆիս» (ընդունարան — գրասենյակ) գործառնական մոդելը։
«Ֆրոնտ օֆիս» (երրորդ կողմի օպերատորներ)
- Նախատեսվում է, որ ԹՐԻՓՓ զարգացման ընկերության հետ պայմանագիր կնքած մասնավոր օպերատորները կմատուցեն հաճախորդների առերես սպասարկման ներքոնշյալ ծառայությունները.
- փաստաթղթերի նախնական հավաքագրում ստուգման համար,
- տեղեկատվության և ուղեցույցի տրամադրում օգտվողների համար,
- առևտրի և տարանցման վճարների հավաքագրում և վճարումների մշակում: ՀՀ հարկերը, մաքսային տուրքերը և այլ պարտադիր վճարները պետք է ուղղակիորեն գանձվեն ՀՀ պետական բյուջե՝ համաձայն գործող օրենսդրության և հարկաբյուջետային ընթացակարգերի,
- դյուրացում և համակարգում,
- վարչական աջակցություն։
«Բեք օֆիս» (ՀՀ պետական մարմիններ)
- ՀՀ մաքսային և սահմանային պաշտոնյաներն իրացնում են բոլոր ինքնիշխան իրավասությունները՝ համաձայն ՀՀ ներքին օրենսդրության և միջազգային համաձայնագրերի.
- մաքսային վերջնական որոշումներ և ձևակերպումներ,
- անվտանգության ստուգում և իրականացում,
- միգրացիոն վերահսկողություն,
- իրավապահ գործողություններ,
- թույլտվություններ և հաստատումներ,
- զննում և ստուգում։
- Հստակ իրավազորություն
- «Ֆրոնտ օֆիսի» օպերատորներն աջակցում են, նրանք չեն որոշում,
- Հայաստանի պաշտոնյաները ֆիզիկական ներկայություն են պահպանում Հայաստանի սահմանային և մաքսային բոլոր հաստատություններում,
- ինքնիշխան գործառույթների որևէ արտապատվիրակում չի իրականացվում։Մաքսային ընթացակարգեր
Հայաստանը պահպանում է լիակատար իրավազորությունը Հայաստանի ինքնիշխան տարածքում։
Ենթակառուցվածքային անվտանգության նախագծերը պետք է հաստատվեն Հայաստանի անվտանգության մարմինների կողմից։
Հայաստանի իշխանությունները գերակայություն ունեն բոլոր արտակարգ իրավիճակներում։
Մասնավոր, գործառնական անվտանգության աշխատակիցները կարող են ընդունվել աշխատանքի՝ Հայաստանի կողմից լիցենզավորման դեպքում»։
Հունվարի 13-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում էր ունեցել ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հետ:
Ավելի ուշ ՀՀ ԱԳՆ-ն և ԱՄՆ պետքարտուղարությունը հրապարակել են «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» (ԹՐԻՓՓ) ծրագրի համար Հայաստան-ԱՄՆ կենսագործման շրջանակի հրապարակման վերաբերյալ համատեղ հայտարարությունը, որի տեքստը տարածվել և հաստատվել է Հայաստանի Հանրապետության և Ամերիկայի Միացյալ Նահանգների կառավարությունների կողմից։
![]()