Ամերիկյան ընկերությունը TRIPP-ի համար պատասխանատու կլինի 49 տարի, հետո՝ ևս 50. Միրզոյանը մանրամասնել է

«Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» ծրագրի համար ՀՀ-ԱՄՆ կենսագործման շրջանակի հրապարակման վերաբերյալ համատեղ հայտարարության հրապարակման առնչությամբ ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը Վաշինգտոնում պատասխանում է լրատվամիջոցների հարցերին:

Նա որոշակի մանրամասներ է հայտնել համատեղ հայտարարության վերաբերյալ:

ԱԳ նախարարը մի քանի անգամ ընդգծել է՝ TRIPP-ն իրականացվելու է ՀՀ լիակատար ինքնիշխանության ներքւ և այդ մասին մի քանի անգամ հիշատակվում են փաստաթղթերում, հայտարարության տեքստում:

Միրզոյանը նաև հայտնել է, որ ամերիկյան ընկերությունը նախնական TRIPP-ի համար պատասխանատու կլինի 49 տարի, հետո՝ ևս 50 տարի: ՀՀ-ն կառուցապատման իրավունք է տալու TRIPP ծրագրի համար, բայց որևէ հող ՀՀ-ից չի օտարվելու:

«Մասնաբաժինների բաշխումն արտացոլում է երկրների ներդրումների ծավալները: Հայաստանը մտադիր է ԱՄՆ-ին առաջարկել ԹՐԻՓՓ զարգացման ընկերության 74 տոկոս մասնաբաժինը և ՀՀ-ի համար պահպանել 26 տոկոսը:

Գաղտնիք չէ, որ ԱՄՆ-ն մեծ ծավալի ներդրումներ է անելու՝ ոչ միայն քաղաքական, այլև ֆինանսական: ՀՀ-ի հիմնական ներդրումը մեծ հաշվով կառուցապատման իրավունքն է: Կարծում եմ՝ բավականին արդար բաշխում է:

Խոսքը միայն առաջիկա 49 տարվա մասին է: Պայմանագիրը ևս 50 տարով երկարացվելու դեպքում բաժնեմասերի համամասնությունը փոխվելու է, և գրեթե հավասար ենք դառնալու»,- ասել է Միրզոյանը:

Հունվարի 13-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում էր ունեցել ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հետ:

Ավելի ուշ ՀՀ ԱԳՆ-ն և ԱՄՆ պետքարտուղարությունը հրապարակել են «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» (ԹՐԻՓՓ) ծրագրի համար Հայաստան-ԱՄՆ կենսագործման շրջանակի հրապարակման վերաբերյալ համատեղ հայտարարությունը, որի տեքստը տարածվել և հաստատվել է Հայաստանի Հանրապետության և Ամերիկայի Միացյալ Նահանգների կառավարությունների կողմից։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ