Չի կարող այդպիսի բան տեղի ունենալ՝ առանց ՀՀ-ի համաձայնության. Միրզոյանը՝ TRIPP-ի բաժնեմասերը վաճառելու մասին

Ինչպես ցանկացած ընկերության բաժնեմասեր կարող են օտարվել, վաճառվել, նվիրվել, անջատվել, վերակազմակերպվել, բայց չի կարող այդպիսի բան տեղի ունենալ՝ առանց ՀՀ-ի համաձայնության: Այդ մասին ԱՄՆ-ում կայացած ասուլիսի ժամանակ հայտարարել է ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը՝ անդրադառնալով TRIPP-ի մասին ՀՀ-ի և ԱՄՆ-ի միջև ձեռք բերված համաձայնություններին:

«Փաստաթղթում հստակ նշված է, որ այդպիսի զարգացումների դեպքում և վերջնական սեփականատերերի փոփոխության դեպքում անհրաժեշտ է ՀՀ-ի և ԱՄՆ կառավարության նախօրոք համաձայնություն:

Այսինքն՝ չի կարող այդպիսի բան տեղի ունենալ՝ առանց ՀՀ-ի համաձանության: Դավադրության տեսություններ ենք լսել, մեկնաբանություններ, որ այ հիմա բաժնեմասերի որևէ տոկոս համամասնությամբ կհամաձայնեք կիսել Միացյալ Նահանգների և Հայաստանի միջև, հետո կսկսվի ընկերության գործունեությունը, հետո ինչ-որ փուլում՝ մի ամիս հետո, մի շաբաթ հետո, մի տարի հետո, 10 տարի հետո, մեզնից թաքուն, մեր կամքին հակառակ բաժնեմասերի մի մաս կարող է վաճառվել այս կամ այն երկրին:

Հիմա հստակ ամրագրում ենք, որ այդպիսի մի բան, առանց մեր համաձայնության, բացառվում է, որ տեղի ունենա: Դա կլինի պայմանագրի խախտում, հետևաբար չի կարող լինել»,- ասաց նա:

Հիշեցնենք՝ հունվարի 13-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում էր ունեցել ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հետ։

Ավելի ուշ ՀՀ ԱԳՆ-ն հրապարակել է «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» (ԹՐԻՓՓ) ծրագրի համար Հայաստան-ԱՄՆ կենսագործման շրջանակի հրապարակման վերաբերյալ համատեղ հայտարարությունը, որի տեքստը տարածվել է Հայաստանի Հանրապետության և Ամերիկայի Միացյալ Նահանգների կառավարությունների կողմից։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ