Ամերիկյան կողմի հետ հաստատեցինք TRIPP իրականացման շրջանակը. Սա չափազանց շահեկան փաստաթուղթ է

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հետ հրապարակված «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» (ԹՐԻՓՓ) նախագծի` Հայաստան-ԱՄՆ իրականացման շրջանակի վերաբերյալ համատեղ հայտարարությունից հետո՝ ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հրավիրած ասուլիսում հայտնել է, որ հանդիպման ընթացքում կենտրոնացել են օգոստոսի 8-ի վաշինգտոնյան համաձայնությունների կյանքի կոչման վրա։

«Մասնավորապես, հաստատեցինք TRIPP իրականացման շրջանակը, սա չափազանց կարևոր փաստաթուղթ է, որը վերաբերում է և շոշափում է հայ հասարակության համար զգայուն հարցեր։

Օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ստորագրված համաձայնագրից հետո անցել է 5 ամիս, և այս ընթացքում մենք ամերիկյան կողմի հետ բանակցությունների ընթացքում հաջողել ենք ավելի մանրամասն անդրադառնալ պայմաններին, հիմնադրման ձևին, բաժնեմասերին, սկզբունքներին։ Սակայն սա էլ վերջնական փաստաթուղթը չի լինելու, թեև այն համարում եմ նշանակալի ձեռքբերում Հայաստանի և բոլոր գործընկերների համար, այն շատ շահեկան փաստաթուղթ է, որն ընկած է օգոստոսի 8-ի հռչակագրի և վերջնական պայմանագրերի, ընկերության հիմնադրման, կանոնադրության և այլ վերաբերելի իրավական փաստաթղթերի միջև։

Վստահեցնում եմ այն, ինչ մեզ քաղաքական առումով հետաքրքիր է, մեծ հաշվով հենց այս փաստաթուղթն է և ենթադրել կարող ենք, որ մյուս կանոնադրական փաստաթղթերում ավելի իրավական տեքստ կլինի, թեև չեմ բացառում, որ լինեն այլ մանրամասներ այն տեղերում, որտեղ այս փաստաթուղթը սպառիչ չի նկարագրում որևէ գործընթաց կամ պայման։ Իհարկե, այն, ինչ կլինի, չի կարող շեղվել այն պայմաններից, որ համաձայնեցվել են։

Վստահեցնում եմ, որ համաձայնեցված է այն, ինչ հանձնված է թղթին և հրապարակվել է, ավելին համաձայնեցված չէ, չկա որևէ պայման, որ բարձրացվել է, քննարկվել է, համաձայնեցվել է, բայց չենք հրապարակել ինչ-ինչ նկատառումերով, կա այն, ինչ հրապարակված է»,-վստահեցրեց Միրզոյանը։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ