![]()
ԻԳԹ, սահմանադրագետ Արտաշես Խալաթյանի հետ զրուցել ենք ՌԴ պետական-պաշտոնական պրոպագանդիստ Վլադիմիր Սոլովյովի հակահայ հայտարարությունների և նրա այդ հայտարարությունների նկատմամբ ընդդիմության լռության մասին։
— Ըստ ՌԴ պետական-պաշտոնական պրոպագանդիստ Վլադիմիր Սոլովյովի՝ ՀՀ-ն ոչ թե պետություն է, այլ ընդամենը ՌԴ ազդեցության գոտի: Նա նաև խոսել է Հայաստանի դեմ ռազմական ագրեսիայի անհրաժեշտության մասին։ Սոլովյովի այս հայտարարության հետ կապված կխնդրեմ տաք Ձեր գնահատականը:
— Դա, ըստ էության, ակնհայտ թշնամական պահվածք է ՀՀ-ի նկատմամբ և բնականաբար չի բխում հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունների էությունից և ցույց է տալիս, թե որքան ճեղքվածք կա ընդհանրապես Հայաստան-Ռուսաստան հարաբերություններում՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ Վլադիմիր Սոլովյովը Ռուսաստանի պես ավտորիտար կամ տոտալիտար պետությունում հանդիսանում է պետական հեռուստաընկերության աչքի ընկնող հաղորդավար, և վերջինիս նարատիվները, հնչեցրած մտքերը, խոսքերը չեն կարող լինել իր սեփական մտքի արգասիքը կամ առնվազն չեն կարող համաձայնեցված չլինել Ռուսաստանի իշխանությունների հետ։ Այսինքն՝ Ռուսաստանի իշխանությունները բավականին երկդիմի քաղաքական խաղ են սկսել, մի կողմից՝ պաշտոնական մակարդակում հաճոյախոսում են Հայաստանի իշխանություններին, հայ ժողովրդին, խոսում են հայ-ռուսական հարաբերությունների արդյունավետ զարգացման մասին, բայց մյուս կողմից՝ արդեն հանրային դիվանագիտության կամ մեդիա տիրույթում, բացահայտ թշնամական նարատիվներ են գեներացնում՝ թերևս փորձ անելով հայ ժողովրդի շրջանում վախի մթնոլորտ ձևավորել և հարկադրաբար ձևավորել սոցիալական պահանջարկ՝ կատարելու Ռուսաստանի իշխանությունների բոլոր պահանջները, միայն թե չկրկնվի ուկրաինական սցենարը։ Սա, կարելի է ասել, մեջքից հարված է Հայաստանի իշխանություններին և պետք է սթափեցնի նաև հայաստանյան իշխանության մեջ գտնվող այն ոչ մաքսիմալիստներին, որոնք փորձում են չբարկացնել Ռուսաստանին. կարծում եմ՝ կիսատ քայլերը կամ խաչմերուկում մնալը մեզ ոչ մի օգուտ չի տա։
— Ըստ Ձեզ՝ ինչո՞ւ մինչև այս պահը ընդդիմադիր որևէ ուժ չի արձագանքում Սոլովյովի այս հայտարարությանը: Ինչո՞ւ է լռում ընդդիմությունը:
— Ընդդիմությունը լռում է, որովհետև հրապարակում երևացող ընդդիմության ամենաակնառու մասերից մեկը ուղիղ կատարում է ռուսական հրահանգավորում և փաստացի սպասարկում է ոչ թե Հայաստանի, այլ Ռուսաստանի շահերը։ Հետևաբար, ես բազմիցս ասել եմ, սա հակասահմանադրական գործելաոճ է, և հայաստանյան քաղաքական ուժերը, որքան էլ կատաղի մրցակցեն միմյանց հետ, որքան հարվածեն իշխանությանը քաղաքական գործիքակազմով, չեն կարող էն կարմիր գծերը հատել, որոնք վերաբերում են պետականությանը, անկախությանը, ինքնիշխանությանը և այլ պետությունների շահերը չսպասարկելու անհրաժեշտությանը։ Այն պահից, երբ այդ գծերը հատված են, դա արդեն ցույց է տալիս, որ մենք գործ ունենք օտարերկրյա ազդեցության ադեպտների հետ և ոչ երբեք սահմանադրական լեգիտիմություն ունեցող քաղաքական սուբյեկտների հետ։
— Ժամանակին Սերժ Սարգսյանը Սոլովյովին Պատվո շքանշանով է պարգևատրել, շատերը կարծում են, որ պետք է վերջինիս զրկել շքանշանից։ Դուք ի՞նչ կարծիք ունեք այս մասին։
— Ես, ըստ էության, կողմնակից եմ դրան, բայց որքան որ ես եմ տեղյակ, իրավական ճանապարհ այս պահին գոյություն չունի, և գուցե պետք է մտածել ինչ-որ օրենսդրական միջոցների ներմուծման համար, որպեսզի հնարավոր լինի զրկել այն անձանց հայաստանյան բարձր պարգևներից, որոնք իրենց գործունեությամբ ցույց են տալիս, որ արժանի չեն պարզապես այդ շքանշաններին։ Ցավոք սրտի, նախահեղափոխական Հայաստանի իշխանությունները հերթով պարգևներ են տվել այնպիսի անձանց, որոնց նույնիսկ Հայաստան մուտք գործելը պետք էր մտածել՝ արդյոք թույլատրելի՞ է, թե՞ ոչ։ Դա նույն Մարգարիտա Սիմոնյանն է, դա նույն Սոլովյովն է, և ամենավատն այն է, որ ժամանակին Հայաստանի պրոռուսական ընդդիմությունն անգամ պատերազմի ժամանակ Սոլովյովին առաջարկում էր ազգային հերոսի կոչում տալ։
— Պատգամավոր Տիգրան Պարսիլյանն էլ էր անդրադարձել այս խնդրին և նշել. «Իսկ կարո՞ղ է էն կողմերին կոչ անող ռուսաստանցի օլիգարխը իր կապերն օգտագործեր սույն լրագրողի բանականությունը վերականգնելու նպատակով»։ Համաձա՞յն եք այս մտքի հետ։
— Հայաստանյան քաղաքական ընդդիմության և ընդհանրապես նաև քաղաքական միտք գեներացնողների մի որոշակի շրջանակ անասնական վախ ունի Ռուսաստանից։ Այսինքն՝ սա արդեն իռացիոնալության հասնող, ստոկհոլմյան սինդրոմ է թերևս, երբ Ռուսաստանի որևէ քայլ, որևէ գործ անքննելի է։ Եվ պետության կողմից թերևս միակ լուծումը պետք է լինի այդ մարդկանց քաղաքականությունից հեռու պահելը։ Այդ մարդիկ չեն կարող զբաղվել քաղաքականությամբ, քանի որ նրանց պատկերացրած քաղաքականությունը ռուսական գուբերնիայում որոշակի վարչական կամ պսևդոքաղաքական գործառույթ իրականացնելն է՝ Խորհրդային Հայաստանի տիպի։ Հետևաբար այդ մարդկանց դարձի բերել, նրանց հետ մրցակցել, նրանց հետ խոսելն անիմաստ է։ Ուղղակի ցավալի է, որ Հայաստանը 2026 թվականի խորհրդարանական ընտրություններին փաստացի գնում է նման և նաև ֆինանսական մեծ միջոցների տիրապետող ուժերին ԱԺ-ում տեսնելու տեսլականով։ Եթե մենք իրավական ճանապարհով չենք չեզոքացնում այդ ուժերին քաղաքական դաշտից, նրանք, ցավոք սրտի, քվեների որոշակի մասնաբաժին ունենալու են՝ հաշվի առնելով նաև հայաստանյան հասարակության որոշ սեգմենտների այդ ռուսահպատակ, ռուսամետ բնույթը։ Իսկ պետությունը, ես կարծում եմ, այստեղ պետք է իրավական հատու միջոցներ կիրառի։ Գյումրու օրինակը ապացուցեց, որ ժողովրդի ուսերին չի կարելի թողնել բոլոր հարցերը, և ժողովուրդը կրթվածության, այլևայլ ոչ պաշտոնական կապերի և այլ հանգամանքների ուժով կարող է անգամ հանցագործի կամ ակնհայտորեն հակապետական տարրի տալ մեծաթիվ քվեներ։
— Սոլովյովի հայտարարությունը և ՀՀ-ում ընդդիմության կողմից եկեղեցու իբրև թե պաշտպանությունը ի՞նչ են ցույց տալիս: Կա տեսակետ, որ Կրեմլը, նախկին ուժերից հիասթափված, գործի է դրել ՀՀ-ում եկեղեցին և ռուսահայ օլիգարխներին` ի դեմս Սամվել Կարապետյանի: Որքանո՞վ են Սոլովյովի այս հայտարարությունը և ընդդիմության հայտարարությունները փոխկապակցված:
— Ուղիղ փոխկապակցվածություն կա, եթե դրան գումարենք այն քաղաքական իրադարձությունները, որոնք ծավալվում են Վրաստանում, երբ այնտեղ սկսվել է մի վրացահայ օլիգարխի կողմից ստորագրահավաք՝ ռուս-վրացական նոր դաշինք կնքելու վերաբերյալ, և արդեն շուրջ 150 000 ստորագրություն է հավաքվել: Տեղեկատվություն ստացվեց նաև, որ հանդիպում է եղել վրաց պատրիարք Իլյա 2-րդի և այդ անձի միջև, խոսք է գնացել հենց ռուսական ինտեգրմանը զարկ տալու ուղղությամբ, մենք կարող ենք սրան զուգահեռել հարևան երկրում տեղի ունեցող իրադարձությունները։ Եվ սա երևակում է տարածաշրջանում Ռուսաստանի որոշակի քաղաքականությունը՝ հատկապես Հայաստանում և Վրաստանում եկեղեցու վերնախավին օգտագործել իր տարածաշրջանային, իր մեծապետական շահերն առաջ մղելու համար։ Եվ հետևաբար այստեղ իհարկե կա համընկնում, կա նաև դիտարկում, որ թե՛ Վրաստանում իշխանությունը և թե՛ Հայաստանում ընդդիմության մի որոշակի մաս այլևս հանրային լեգիտիմության բավարար պաշար չունեն, և կարծես թե՛ Հայաստանում, թե՛ Վրաստանում Ռուսաստանը փորձ է անում վրաց և Հայ առաքելական եկեղեցու իրեն լոյալ վերնախավի մի հատվածին օգտագործել՝ պրոռուսական քաղաքականությունն առաջ մղելու համար։
Լիլիթ Թադևոսյան
![]()