Ուժեղ բանակցողը ո՞րն է՝ ֆռցնե՞լը. ուժեղ բանակցել ենք, որ օգոստոսի 8-ը եղել է. Արման Եղոյան. տեսանյութ

Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արման Եղոյանի խոսքով՝ Վլադիմիր Սոլովյովի հայտարարությունները հիբրիդային պատերազմի մասին վկայություն են, սպառնալիք, տրամադրությունների շոշափում:

Այս մասին նա ասում է «Հայկական ժամանակ»-ի հետ հարցազրույցի ժամանակ:

«Մենք չպիտի հիմա զբաղվենք Սիրիայով կամ Վենեսուելայով: Մեզ համար ավելի ցավոտ է այն, թե ինչ է կատարվում Հայաստանում, քան Վենեսուելայում: Հայաստանին կորցնելը շատ մեծ խնդիր կլինի: Մեզ համար մեծ խնդիր կարող է լինել Միջին Ասիայում, և մենք պիտի հստակ ձևակերպենք մեր խնդիրներն ու առաջադրանքները: Խաղերն ավարտված են, թքած միջազգային օրենքների և իրավունքների վրա: Եթե մեր ազգային անվտանգության համար անհրաժեշտ էր հատուկ ռազմական գործողություններ սկսել Ուկրաինայում, ինչու այդ նկատառումներից ելնելով՝ չենք կարող նույնն անել մեր ազդեցության տակ գտնվող այլ երկրներում: Միգուցե մեզ պետք է ձևակերպել մեր ազգային դոկտրինան՝ որոնք են մեր ազդեցության գոտիները, և ամեն ինչ հասկանալի կլինի»,- հայտարարել է Սոլովյովը:

Ըստ պատգամավորի՝ Հայաստանի կողմից բողոքի նոտա հանձնելու գործընթացն էլ ցույց է տալիս, թե որքան լուրջ է հարցը:

Վերջինս կարծում է, որ այս ֆոնին լեգիտիմ են դառնում ՀՀ-ից ռուսական ռազմաբազայի դուրսբերման մասին պնդումները:

Ինչ վերաբերում է ՀԱՊԿ-ից դուրս գալուն, Եղոյանն ասում է՝ ամեն բան չէ, որ կտրուկ շարժումներով պետք է արվի, քայլերը պետք է արժեք ունենան:

Անդրադառնալով ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի այն հայտարարությանը, թե ինքը պատրաստ է հարցազրույց տալ Սոլովյովին և խոսել հայ-ռուսական հարաբերությունների մասին, իշխող ուժի անդամն ընդգծում է՝ Աշոտյանը թող մտածի նրա մասին, որ իր կրթածների 72 տոկոսը 10 տոկոս հաշվել չգիտի:

Ինչ վերաբերում է «Մեր ձևով» շարժման անդամների այն պնդումներին, թե Հայաստանին ուժեղ բանակցող է պետք, պատգամավորն ասում է՝ ուժեղ բանակցողը ո՞րն է՝ ֆռցնե՞լը. «Ուժեղ բանակցել ենք, որ օգոստոսի 8-ը եղել է»:

Ըստ նրա՝ TRIPP-ը քաղաքական գաղափարից վերածվել է գործնականի. աշխարհին այն պետք է:

Վերջինս խոսել է նաև Գարեգին Բ-ի (Կտրիճ Ներսիսյան) շուրջ բարձրացված աղմուկի մասին, որը կարող եք դիտել տեսանյութում:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ