![]()
Ռուսական քարոզչամեքենայի մաս կազմող Վլադիմիր Սոլովյովի հայտարարությունները՝ կապված Հայաստանի հետ, պետական մոտեցում են:
Այս մասին Պրահայից տեսակապի միջոցով «Հայկական ժամանակ»-ի հետ հարցազրույցում ասում է քաղաքական վերլուծաբան Բագրատ Առաքելյանը:
«Մենք չպիտի հիմա զբաղվենք Սիրիայով կամ Վենեսուելայով: Մեզ համար ավելի ցավոտ է այն, թե ինչ է կատարվում Հայաստանում, քան Վենեսուելայում: Հայաստանին կորցնելը շատ մեծ խնդիր կլինի: Մեզ համար մեծ խնդիր կարող է լինել Միջին Ասիայում, և մենք պիտի հստակ ձևակերպենք մեր խնդիրներն ու առաջադրանքները: Խաղերն ավարտված են, թքած միջազգային օրենքների և իրավունքների վրա: Եթե մեր ազգային անվտանգության համար անհրաժեշտ էր հատուկ ռազմական գործողություններ սկսել Ուկրաինայում, ինչու այդ նկատառումներից ելնելով՝ չենք կարող նույնն անել մեր ազդեցության տակ գտնվող այլ երկրներում: Միգուցե մեզ պետք է ձևակերպել մեր ազգային դոկտրինան՝ որոնք են մեր ազդեցության գոտիները, և ամեն ինչ հասկանալի կլինի»,- հայտարարել է Սոլովյովը:
Զրուցակցի խոսքով՝ նա աշխատում է մի միջավայրում, որտեղ իր տեսակետներով ոչինչ չի ասում:
«Ռուսաստանը դարձել է տոտալիտար կայսրություն, Սոլովյովն ընդամենը բարձրախոս է, որը հնչեցրել է այն մտքերը, որոնք թույլ են տվել հնչեցնել, այլապես ծպտուն չէր հանի»,- նկատում է զրուցակիցը:
Ըստ Առաքելյանի՝ այս ամենից Հայաստանը պետք է լուրջ եզրակացություններ անի:
«Տարիներ շարունակ փորձում էին ՀՀ-ում իշխանափոխություն անել, չստացվեց, կանգնեցին կոտրած տաշտակի առաջ: ՀՀ-ի կորուստն իրենց համար անընդունելի է, քանի որ մեր երկիրը դիտարկում են իրենց ֆորպոստ: Ներսի ուժերի միջոցով ուզում են իշխանությունը զավթել, որ ՌԴ-ն իր ռազմական ներխուժումը ՀՀ արդարացնի»,- ասում է նա:
Քաղաքական վերլուծաբանը նաև նկատում է. «Ուզում են վախ ներշնչել, որ վախենանք: Եթե ոչինչ չձեռնարկենք, կլինեն գործողություններ: Պիտի այնպես անենք, որ Սոլովյովի լեզուն փաթ ընկնի նման բաներ ասելիս»:
Առավել մանրամասն՝ տեսանյութում:
![]()