«Որոշել եմ մի քիչ երկար վայելել ոչ թե կյանքը, այլ կյանքի իմաստը». Ռուբեն Մաթևոսյանը 85 տարեկան է

«Ինձ համար շատ կարևոր է ծննդյան օրը նշել հատկապես հունվարի 12-ին, որովհետև սուրբ գիտակցություն է, բայց ոչ թե նրա համար, որ իմ ծննդյան օրն է, չէ, ես ծնվել եմ դեկտեմբերի 12-ին, այլ հորս համար, նա է ծնվել հունվարի 12-ին»։
Անվանի և սիրված երգիչ, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ Ռուբեն Մաթևոսյանն հւնվարի 12-ին նշեց ծննդյան 85-ամյակը: ՄԱՄՈՒԼ.ամ-ը սիրված երգչից հետաքրքրվեց, թե ի՞նչ հետաքրքրիր ընտանեկան ավանդույթներ կան մաեստրոյի ծննդյան օրվա կապակցությամբ, ինչին ի պատասխան երգիչը մեծ սիրով բացահայտեց անձնական պատմություններ, որոնց նրա երկրպագուներից շատերը գուցե տեղյակ չեն։

«30 տարեկան հասակում պատերազմում զոհված հորս միակ հիշատակը ես էի, խնդրեցի ծննդյան օրս փոխել, մի ամսով փոքրացա, և 1942 թվականի հունվարի 12-ն այդպիսով կարևորվեց ինձ համար»,- մեզ հետ զրույցում այսպես բացատրեց Ռուբեն Մաթևոսյանը տարվա մեջ ծննդյան երկու օր ունենալու հանգամանքը:

Երգիչը պատմեց, որ ծննդյան օրը փոխելուց բացի փոխել է նաև անունը. «Իմ անունը Ռուդիկ էր, երբ ես երգիչ դարձա, փոխեցի ու դարձա Ռուբեն, որովհետև «Ռուդիկ Մաթևոսյանն է երգում» այդքան էլ հայերեն չի հնչում, մանավանդ, որ հայ երգն եմ ներկայացրել, այդպիսով դարձա Ռուբեն։ Ծննդավայրս էլ փոխեցի և Երևանի փոխարեն դարձավ Սպիտակ, քանի որ հայրս և մայրս Սպիտակում էին ծնվել։ Լավ ծնողներ եմ ունեցել, լավ ընտանիքներից։ Ճակատագիրն այնպիսինն էր, որ մայրս ինձ համար եղավ և′ հայր, և′ մայր, և′ քույր, և′ եղբայր, բարեկամ, հարազատ, աշխարհ և′ ամեն ինչ, համենայն դեպս, թույլ չտվեց ինձ զգալ հոր պակաս տանը»:

Ռուբեն Մաթևոսյանը շեշտեց, որ հունվարի 12-ը կարևոր ամսաթիվ է իր համար. «Ինձ համար կարևոր է ոչ միայն դեկտեմբերի 12-ը՝ իմ իրական ծննդյան օրը, երբ ընտանիքս ու հարազատներս են շնորհավորում, այլ կարևոր է անպայման նշել նաև հունվարի 12-ը, որովհետև այդպես կարծես հայրս ապրում է ինձ հետ։ Դրա համար հունվարի 12-ը ես չափազանց գնահատում եմ, ինչպես նաև գ նահատում եմ ծննդավայրս։ Չծնվելով Սպիտակում՝ ես ինձ համարում եմ սպիտակցի։ Այս տարի հունվարի 12-ին լրացավ հորս 115 տարին, ինձ համար շատ թանկ օր էր»։

Իր առօրյայի մասին խոսելիս Ռուբեն Մաթևոսյանը նշեց, որ անչափ շնորհակալ է իր ընտանիքին, որն իրեն կանգուն է պահում, ինչպես նաև բարձր է գնահատում իր աշխատավայրերը՝ ռադիոն և Հանրային հեռուստաընկերությունը ու աշխարհի բոլոր այն նշանավոր բեմահարթակները, որտեղ ելույթ է ունեցել և շարունակում է ելույթ ունենալ․ «Ես այսօր շարունակում եմ ավյունով գնալ աշխատանքի և իմ գործն անել։ Ինչպես 65 տարի առաջ էի թռչկոտելով գնում, այդպես էլ հիմա, իհարկե հիմա ոչ թե թռչկոտելով, այլ խելացի քայլերով եմ գնում աշխատանքի։ Այն անսամբլը, որտեղ ես ծնվեցի իբրև երգիչ, դարձավ իմ կյանքի նպատակը։ Գրեթե 30 տարի այդ անսամբլի գեղարվեստական ղեկավարն եմ և այն ինձ համար շատ կարևոր է»,- այսպես ամփոփեց իր խոսքը սիրված երգիչը;

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ