Ձնագնդիով խփելnւ պատճառով պատանիների միջև ծագած վեճն ավարտվել է դանակահարությամբ

Հունվարի 9-ի ուշ երեկոյան «Գյումրի» բժշկական կենտրոնից Ոստիկանության Շիրակի մարզի օպերատիվ կառավարման կենտրոն ստացվեց հաղորդում, որ Գյումրիի Տիգրան Մեծի պողոտայից բուժօգնության է տեղափոխվել մի պատանի՝ ազդրի և կրծքավանդակի կտրած-ծակած վերքերով։

Ինչպես հայտնել է ՆԳՆ ոստիկանությունը, համայնքային ոստիկանության Մուշի բաժնից մեկնած օպերատիվ խումբն արագ պարզել է, որ 17-ամյա պատանուն դանակահարել են։ Ամենատարօրինակը դանակահարությանը նախորդած վեճի պատճառն է։

Նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում ձեռնարկված միջոցառումներով պարզվել է, որ ժամը 18:30-ի սահմաններում ձնագնդիով խփելու համար վեճ է ծագել երկու պատանու միջև, որին միջամտել են նրանց ընկերները, այդ թվում՝ տուժածը։ Շենքի հետնամասում շարունակված վեճը վերաճել է քաշքշուկի ու ծեծկռտուքի, և այդ ընթացքում էլ 17-ամյա մի տղա մոտը եղած ծալովի դանակով հարվածել է 16-ամյա պատանուն։

Դանակահարողը ձերբակալվել է, խոստովանել արարքն ու ներկայացվել նախաքննական մարմին։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ