Նովոկուզնեցկի ծննդատանը երկու շաբաթվա ընթացքում 9 նորածին է մահացել

Նովոկուզնեցկի թիվ 1 ծննդատանը հունվարի սկզբից մահացել է 9 նորածին, հայտնում են ռուսական լրատվամիջոցները։

Կեմերովոյի շրջանի առողջապահության նախարարությունից հայտնել են, որ դեկտեմբերի 1-ից մինչև հունվարի 11-ը այնտեղ ընդունվել է ավելի քան 230 ծնունդ: Այդ ընթացքում 17 նորածին գտնվել է ծանր վիճակում (16-ը ծնվել են վաղաժամ, ցածր քաշով), բոլորն էլ ներարգանդային վարակներով, մի քանիսը 30 օրից ավելի պահվել են վերակենդանացման բաժանմունքում:

Նորածինների մահվան դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել։ Գլխավոր բժիշկը հեռացվել է աշխատանքից։ Հաղորդվում է, որ ծննդատունը ժամանակավորապես դադարեցրել է բուժառուների ընդունումը՝ պատճառաբանելով, որ կարանտին է մտցվել սուր շնչառական վարակների պատճառով։

«Հավանական է, որ նորածինների մահը պայմանավորված է եղել բակտերիալ վարակով, ոչ թե վիրուսային»։ Նման կարծիք է հայտնել Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս և Ռուսաստանի կրթության ակադեմիայի փոխնախագահ Գենադի Օնիշչենկոն՝ «ՏԱՍՍ»-ին տված հարցազրույցում։

«ՌԻԱ Նովոստի»-ի հետ զրույցում նա հավելել է, որ խնդիրը կարող է կապված լինել ստաֆիլոկոկային շտամների հետ, «որոնք կարող են առաջանալ անձնակազմի կողմից քիթ-կոկորդի և ատամների թարախային վարակների հետ կապված խնդիրների պատճառով»։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ