![]()
Հաստատվել է պետության կողմից արհեստական բանականության ոլորտում բարձր արտադրողականությամբ հաշվողական ռեսուրսներին հասանելիության ապահովման պետական աջակցության փորձնական ծրագիրը, և մեկնարկել է հայտերի ընդունման գործընթացը։ Նախատեսվում է 2026 թվականի առաջին կիսամյակում մշակել քաղաքացի-արհեստական բանականություն երկխոսության հարթակի տեխնիկական առաջադրանքը և դրա հիման վրա կազմակերպել մրցույթ կամ կնքել պայմանագիր համապատասխան կազմակերպության հետ։
Այս մասին ասել է ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանը՝ ներկայացնելով նախարարության 2025 թվականի գործունեության հաշվետվությունը:
Հարթակը նախատեսված է քաղաքացիներին նախարարության գործունեությանը, ծրագրերին և լիազորություններին առնչվող հարցերի վերաբերյալ արագ և ամբողջական տեղեկատվություն տրամադրելու համար զանգերի և էլեկտրոնային հաղորդակցության միջոցով արհեստական բանականության անմիջական մասնակցությամբ։
Մխիթար Հայրապետյանը նշել է, որ արհեստական բանականությունը նախատեսվում է ներդնել գերատեսչությունների զանգերի կենտրոններում։ «Լուծումն այլևս Հայաստանում կա, մարդը զանգեց՝ այդտեղ աշխատում է ձայնից տեքստ և տեքստից ձայն տեխնոլոգիան հայերենով, որն այլևս իրականություն է։ Ամբողջ շղթան մենք փակում ենք, տեխնոլոգիական ընկերությունների կողմից ալգորիթմը մշակված է»,- ասել է նախարարը՝ համոզմունք հայտնելով, որ այն լավագույնս կգործի։
Արձագանքելով վարչապետ Փաշինյանը նշել է․ «Կարծում եմ, մենք հետևյալ գործողությունը պետք է անենք․ պետք է նայենք՝ տարբեր գերատեսչություններում ինչ ստորաբաժանումներ կան, հաշվարկենք՝ այնտեղ ինչ բյուջե և ինչ հաստիքներ կան։ Մենք առաջիկայում ջանք պետք է գործադրենք այդ բաժիններում աշխատող մեր գործընկերներին վերապատրաստելու և աշխատանքի պատրաստելու ուղղությամբ»։
Միաժամանակ երկրի ղեկավարը նշել է, որ բոլոր գերատեսչությունների համար մշտապես թվայնացումը պետք է լինի առաջնահերթությունների ցանկում։ «Այսինքն՝ ես տեսանելի ապագայում չեմ տեսնում իրավիճակ, երբ մենք ասենք՝ լավ, եկեք թվայնացումն այլևս հանենք առաջնահերթությունների ցանկից և դարձնենք սովորական պլանային միջոցառում։ Բոլոր նախարարությունների և գերատեսչությունների համար թվայնացումը պարտադիր առաջնահերթություններից մեկն է։ Չի կարող լինել այնպիսի գերատեսչություն, որտեղ թվայնացումն առաջնահերթությունների ցանկում չէ»,- հավելել է վարչապետը։
![]()