Բենզինի շուկայում ընդհանուր գնանկում է. վարչապետը ներկայացրել է ադրբեջանական վառելիքի ներմուծման արդյունքները

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սոցցանցերի իր էջերում տեսանյութ է հրապարակել՝ հայտնելով 2025-ի դեկտեմբերից Հայաստան ներմուծվող բենզինի հետևանքներն ու արդյունքները:

Նա նշել է, որ Ադրբեջանից հիմնականում ներմուծվում է պրեմիում տեսակի բենզին: Այսօրվա դրությամբ ՀՀ-ում պրեմիում տեսակի բենզինի նվազագույն գինը նվազել է 15 տոկոսով և նախկին 510 դրամի փոխարեն արդեն 430 դրամ է մեկ լիտրի դիմաց:

«Ի դեպ, 2 օր առաջ Ադրբեջանից Հայաստան է ներմուծվել նաև դիզվառելիք, և այս ընթացքում գինը շուկայում նվազել է 2 տոկոսով: Դեկտեմբերի համեմատ մոտավորապես 8 տոկոսով նվազել է նաև ռեգուլյար տեսակի բենզինի արժեքը»,- նշել է վարչապետը:

Նա նաև ասել է, որ դժգոհություններ կան 2 կողմում էլ՝ թե՛ հայկական, թե՛ ադրբեջանական հասարակությունների շրջանում, սակայն այդ մտահոգություններն անտեղի են, քանի որ այս ամենն իրականացվում է խաղաղության գործընթացի շրջանակում:

Վարչապետի փոխանցմամբ՝ արհեստական դժգոհություններ են գեներացնում նաև անձինք, որոնց պատկանել է տարիներ շարունակ բենզինի շուկայի մենաշնորհը, և իրենք ստիպված են լինում նոր իրողության պայմաններում ամբողջ բենզինի շուկայում գնիջեցման գնալ:

Առավել մանրամասն՝ տեսանյութում:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ